Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 17.08.2015
Օգոստոսի 17-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանին շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթեց առողջություն, անձնական երջանկություն և աշխատանքային հաջողություններ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետը նշեց, որ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, հանդիպում է ունեցել Վայքի բնակիչների հետ, այնուհետ այցելել է Գնդեվազ համայնքում գործող ,,Էկոֆարմ,, ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: ,,Էկոֆարմ,, ՍՊԸ-ն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող: Մարզպետը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Շինարարական աշխատանքների ընթացքում կբացվի 1300, աշխատատեղ, իսկ հանքի շահագործման ընթացքում՝ 770: Ներկայացվել է, որ ինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Մարզպետը նշեց, որ օգոստոսի 16-ին վարչապետը հանդիպել է մարզի քաղաքային Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքների ղեկավարների հետ և քննարկել քաղաքների զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները և հավելեց, որ գյուղական համայնքների զարգացման ծրագրերի մասին քննարկում եղել էր նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ վարչապետի այցելության ընթացքում: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացված 300մլն. դրամի շրջանակում իրականացվելիք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց՝ ամենօրյա ուշադրություն դարձնել նշված ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների արագ լուծմանը: Այնուհետև քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Նախորդ շաբաթվա կատած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան նաև աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Ոլորտային խնդիրների լուծման նպատակով ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ:
ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆ՝ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ 17.08.2015
http://vayotsdzoritem.com/2015/08/16/

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիպման ժամանակ մարզպետը երիտասարդներին հորդորեց լինել ուշադիր, կարգապահ, համախմբված և միասնական ուժերով մեր մարզը լավագույնս ներկայացնել երիտասարդական հավաքում: Վայոց ձորի ջոկատի անդամներին բարի երթ ու հաղթանակ մաղթելով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ մարզային իշխանությունները կարևորում են աշխատանքը երիտասարդների հետ և պատրաստ են նպաստել երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանը: Տեղեկացնենք, որ օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կանցկացվի "Բազե-2015" ամենամյա երիտասարդական հավաքը, որին մասնակցելու են երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Մեկ հարկի տակ իրենց ուժերը կչափեն և իրենց ակտիվ հանգիստը կանցկացնեն շուրջ 500 երիտասարդներ: Նշենք, որ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլն ացկացվել է հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքում գտնվող "Սիրանույշ" ճամբարում, որն այս տարի իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ և Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների աջակցությամբ: Այս տարի Վայոց ձորի ջոկատը հանդես է գալու նարնջագույն ճակատում: Նշենք, որ "Բազե" ամենամյա երիտասարդական հավաքն անցկացվում է 2002 թվականից: Հաջողություն ենք մաղթում Վայոց ձորի և "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի մասնակից ջոկատներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 12.08.2015
Սիրելի՛ երիտասարդներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կյանքի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը երիտասարդությունն է՝ իր նախաձեռնողականությամբ, մտավոր և ֆիզիկական թարմ կարողություններով, զարգացման առաջանցիկ տեմպերով, առաջացած խնդիրների լուծման պատրաստակամությամբ, հայրենիքի պաշտպանության և բարօրության գործին անմնացորդ նվիրումով: Սիրելիներս, այսօր էլ Դուք անմասն չեք հայրենաշինության, պետականության ամրապնդման շնորհակալ և պատվաբեր գործում, և բավարար ներդրում ունեք գալիք սերունդներին ավելի կայուն խաղաղությամբ ու զարգացած տնտեսությամբ հայրենիք փոխանցելու գործընթացում: Հայաստանի Հանրապետության, մեր դեպքում՝ Վայոց ձորի մարզի լուսավոր ապագայի, ժողովրդի բարօրության բարձր պատասխանտվությունը պայմանավորված է նաև այսօրվա երիտասարդությամբ, որպես Երկրի վաղվա օրվա տերեր և պատասխանատուներ: Կրկին սիրով շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձեր կյանքն ու գործունեությունն անցնի կապույտ երկնի ներքո, վայելեք խաղաղ հայրենիքում ապրելու և գործելու բախտավորությունը: Ձեզ՝ անձնական երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներում:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.08.2015
Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի օգոստոսի 14-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ 09.08.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Արենի համայնքում գործող ,,Հին Արենի,, գինու գործարանը: Վարչապետը շրջել է ձեռնարկությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ բարձրորակ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող: Այնուհետև վարչապետն այցելել է Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցել տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Գետափ համայնքում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազի գծի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100 տոկոսով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96 մլն դրամ: Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար: Մալիշկա համայնքում վարչապետը ծանոթացել է 32 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել գազիֆիկացման աշխատանքներից և վարչապետին դիմել մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում՝ խնդրին լուծում տալու նպատակով: Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, համայնքի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի կյանքի կոչման համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրել են, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել է գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել հարցին դրական լուծում տալ: Գլաձոր համայնքում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում են ավարտի հասցնել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8 մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378 մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը: Այնուհետև վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի: Վայոց ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: