Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմամշակութային հուշարձաններ

Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին
Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից` ով նաև Նորավանքի պատվիրատուն է։ Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է։
1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող<<Պատերազմի Ավետարան>> (առանձնանում են <<Համբարձում>> և <<Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց>> մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր` ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր:
Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով:
Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված <<Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկի>> հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։
Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները:
Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են:
Այլ շինություններ
Միջնադարյան ավերակներ. Միջնադարյան Արենին Օրբելյան իշխանական տան մեծ կալվածքն էր։ XIIIդ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի դարձրել է իր նստավայրը։ Նրա ապարանքի ավերակները գտնվում են անմիջապես եկեղեցու հարևանությամբ:
Արփա գետի հին հունի վրա պահպանվել են լայն քառաթռիչք կամրջի (13–րդ դ.) մնացորդները։ Կամրջի պատվիրատուն Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսն է:
Մատուռներ. Արենի գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի քանի մատուռներ և խաչքարեր։ Դրանց մի մասը բնակելի տների բակերում են, մյուսները` գյուղի շրջակայքում։ Դրանց թվում են Սբ. Սարգիս քարայր-մատուռը և Սբ. Գրիգոր Նահատակ մատուռը, որը նման է <<Թուխ մանուկ>> սրբատեղիին:
Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է։ Գտնվում է սարի լանջին, Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավ-արևելյան կողմում, բարձունքի վրա։ Ամրոցը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիուն նահանգին Սիսական» աշխատության մեջ (գրված մոտ 1299 թ.), որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել մոնղոլական արշավանքները Սյունիքում Օրբելյանների տիրապետության վրա:

Արկազի Ս.Խաչ վանք
Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.-ին:
Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
Ըստ ավանդության` երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու վրա: Այնուհետև բաց թողնել և հետևել նրան, որտեղ կենդանին կանգ առնի և քնի, այնտեղ էլ կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղը, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

Գլաձորի համալսարան
Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմ` Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ):
Որպես համալսարան՝ ձեռագրերում հիշատակվում է 1291թ.-ից։ Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223-84թթ.) նախաձեռնությամբ և
Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ:
Գլաձորի համալսարանի հիմնարկումը սկսվել է Ս.Ստեփանոս տաճարի կառուցմամբ (1273-79թթ.), որը հիշատակվում է նաև Աղբերց վանք, Գլիձոր կամ Գայլիձոր անուններով: Գոյատևել է մինչև 1340-ական թվականները: Վերաճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտրոնից, որ գլխավորում էր Ներսես Մշեցին։ Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331թ.-ը) եղել է Եսայի Նչեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը։ Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն։ Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի։ Ունեցել է երեք լսարան` ուսումնարան ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի՝ մատենագիտության և մանրանկարչության, խազագիտության ու երաժշտության։ Դասավանդվել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտություն, երկրաչափություն։ Գլաձորի համալսարանում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վարդապետներ։
Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից։ Հայկական ուսումնամշակութային կենտրոնների համար Գլաձորի համալսարանը պատրաստել է 350 ուսուցիչ-վարդապետներ։ Ուսումնառության տևողությունը եղել է 7-8 տարի (չհաշված <<քահանայական կրթության>> երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար): Շրջանավարտները ստանում էին <<Մարդապետական հրաման>> կամ <<Վարդապետական գավազան>>, որը նրանց տալիս էր <<Դասասաց>> լինելու իրավունք։ Աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գալիս ավարտաճառերով:
Գլաձորի համալսարանը քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել Կաթոլիկ Եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում:
Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը:

Գնդեվանք
Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին՝ Գնդեվազ գյուղից ներքև:
X դ.-ում այն հիմնադրել Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:
Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված:
Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ՝ դրեցի վրան»:
999-թ.-ին վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին, վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:
1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է, նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցի
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցին բազիլիկ եկեղեցի է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան, և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ:

Ս. Աստվածածին եկեղեցին ունի երկու փայտաշեն դռներ` եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին ներսից զարդարված է հինգ մեծ ու փոքր սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության դրվագները, Հիսուսը մանուկներին օրհնելիս և Ս. Աստվածածնի պատկերները: Խորանի հետևի պատը ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, ուր պատկերված են սերովբեներ և քերովբեներ հրեշտակներ, խաչեր, զարդանախշեր և այլն:
Եկեղեցու բակում` արևմտյան դռան աջ և ձախ կողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են Հայոց Մեծ եղեռնի անմահ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Ս. Վարդանանց նահատակներին: Ս. Աստվածածին եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են մինչև ԺԲ դար:
Եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել, միայն եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից կարող ենք ասել, որ վերակառուցվել է 1878թ., իսկ թե երբ է կառուցվել, հայտնի չէ. <<Ես այս Ս. Սարգիս եկեղեցիս վերակառուցեցի…Գրիգոր Մելիք, 1878>>: Այս արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ եկեղեցու անունը Ս. Սարգիս է եղել, որը ժամանակի ընթացքում վերանվանվել է Ս. Աստվածածին:
Եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը կառուցվել է Ե դարում: Ավանդության համաձայն` Վարդանանց պատերազմից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր, այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:
461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Ահա, Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց Ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմփեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր <<բազմամբոխ ժողովրդով>> տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը: Ցավոք հայտնի չէ, թե երբ է խոնարհվել այս եկեղեցին, որի տեղում էլ կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին:
Ս. Աստվածածին եկեղեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցի
Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին:


Ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է հայկական խորշերով: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։

Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից` ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ պատարագի սեղանի առկայությամբ՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար:

Թանադեի (Թանահատի) վանք
Թանադե վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից:
Վանքի գլխավոր՝ Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ:
Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Ս.Նշան միանավ մատուռը (XIIIդ.):
Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970թ.-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIVդդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ։ Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս.Նշան եկեղեցիներին։ Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը:
* * *
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի

  Սուրբ Աստվածածնի մոր` Ս. Աննայի անունը կրող Հայաստանում միակ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում:
Այն կառուցվել է 2000 թ.` բարերարությամբ Արա Արշավիրի Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ. << Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց 2000 թ. կառուցաւ Ս. Աննայ եկեղեցին Արա Արշավիրի Աբրահամյանի բարերարութեամբ>>:


Ս. Աննան քառաթև կենտրոնագմբեթ վեհաշուք եկեղեցի է, ունի մեկ խորան, մեկ մկրտության ավազան, երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևելյան ու հարավային կողմերում, երկու ավանդատուն, որոնցից մեկը մոմավառության համար է օգտագործվում:
Եկեղեցին լուսավորվում է հինգ էլեկտրական ջահերի, ինչպես նաև գմբեթի ութ և եկեղեցու երեսուն լուսամուտների շնորհիվ:
Ս. Աննա եկեղեցին ներսից ունի հիանալի տեսք, այն գրեթե ամբողջովին զարդարված է որմնանկարներով: Խորանի վերևի պատի վրա պատկերված է Ս. Հոգու աղավնակերպ էջքը, այնուհետև գմբեթի կաթողիկեն պահող չորս կամարների անկյուններում պատկերված են չորս Ավետարանիչների` Ս. Մատթեոսի, Ս. Մարկոսի, Ս. Ղուկասի ու Ս. Հովհաննեսի որմնանկարները:
Եկեղեցու պատերին պատկերված են Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության, հրեշտակի կողմից հարության ավետումի դրվագները, ինչպես նաև Հայաստան աշխարհում քարոզած առաքյալների` Ս. Թադեոսի ու Ս. Բարդուղիմեոսի, Հայոց դարձի, գրերի գյուտի և Լուսավորչի տեսիլքի դրվագները հավերժացնող որմնանկարները:


Եկեղեցում առանձնահատուկ դիրք է գրավում Ս. Աննայի որմնանկարը, ում անունով էլ կոչվել է եկեղեցին:
Ս. Աննա եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով: Եկեղեցու բակում կանգնեցված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշահամալիր, որն ունի հայերեն ու ռուսերեն արձանագրություն:


Ս. Աննայի տարածքում առանձնահատուկ կերպով աչքի է ընկնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը:
 

Մոզրովի քարանձավ

 

Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

 

 

 


Քարանձավը բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:

 

Քարանձավը խորանում է ավելի քան 300մ:

 

Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր:

 

Նորավանք
Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:
Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը:
Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր:
Համալիրի գլխավոր Ս.Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս.Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին):
Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339թ.): Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։ Հատկապես ուշագրավ են պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետեր), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների վրա (կտիտորական կոմպոզիցիա): Եկեղեցու ռոտոնդայի սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Նորավանքի գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակները, 1308թ.-ին կերտած խաչքարը): Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակների մասին, որոնք կերտված են այլ վարպետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո:
Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված է Աստվածածինը՝ ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով: Նրանից ձախ լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ կողմում՝ Եսայի մարգարեն: Գավթի լուսամուտի ճակատակալ քարի կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով: Աստծո այդպիսի պատկերումը աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստված պատկերվում է խորհրդանշական ձևով (օր.` երկնքից իջած Աջի տեսքով):
Բարձրաքանդակների հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել և կերտել կանոնիկ պատկերագրության թեմաները, ինչի շնորհիվ Նորավանքի գավթի քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:
XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել է պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:
* * *
Հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստեր վրա: Գեղեցկուհին նույնպես սիրեց նրան: Մտահոգ մելիքը կանչել է տալիս վարպետին և հայտարարում, որ կտա իր դստեր կնության` պայմանով միայն, որ երեք տարվա ընթացքում, առանց որևէ օգնության կկանգնեցնի իր համար մի շքեղ վանք: Մոմիկն ընդունեց իր առջև դրված պայմանը և անցավ գործի:
Չանցավ երեք տարի, գործը արդեն ավարտի վրա էր: Կանգնեցվում էր մի անկրկնելի գեղեցիկ վանք: Տեղեկանալով դրա մասին` մելիքը ուղարկում է իր ծառային` Մոմիկին կանգնեցնելու: Ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը և գցում է վարպետին կիսակառույց գմբեթից:

Շատիվանք 10-17-րդ դար
Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին:
Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ:
Հին շրջանին են պատկանել համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն: Վանքի գոյության հնագույն շրջանից պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ:
Նոր շրջանի կառույցներից գլխավորը` ներկայումս կանգուն բազիլիկ եկեղեցին է, (1654-56թթ.) որին քիչ ավելի ուշ կցակառուցվել են արևմտյան սրահգավիթը և հարավային մուտքի նախասենյակը:
Եկեղեցու ավագ խորանի պատերը կրում են ավետարանական թեմաներով որմնանկարներ, որոնցից յուրաքանչյուրի տակ հայերեն սև տառերով դրոշմված է` «Ոտնալուայ», «Վերնատուն», «Քարընկէց»:
Վանքի տարածքի ու շրջակայքի պեղումների արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել 15-16-րդ դարերում վանական տնտեսության արտադրական կառույցների` երկաթաձուլության, ջնարակած խեցեղենի, հախճապակու, ապակու արտադրության, ջեռուցման համակարգի գոյության մասին:
Խմելու ջուրը կավե փողորակով վանք է բերվել մոտ 3կմ. հեռավորությունից:
Իր գոյության ընթացքում Շատիվանքը ունեցել է բազմաքանակ միաբանություն, որի մասին նշվում է դեպի Շատիվանք տանող ճանապարհի վրա 1666թ.-ին կառուցված Ծատուրի կամուջի արձանագրության մեջ: Միայն միաբանության անդամների թիվը հասել է 90-ի:
Համալիրը շրջափակված է ուղղանկյուն հատակագիծ ունեցող հուժկու, ազդեցիկ պարիսպներով, որոնք ուժեղացված են երեք կիսաշրջանաձև բուրգերով:

Հերհերի Սուրբ Սիոն վանք
Հերհերի Սուրբ Սիոն անապատը հիմնադրվել է վաղ միջնադարում:
Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից:

Անապատի հնագույն՝ Սբ. Սիոն եկեղեցին ունի միանավ, թաղածածկ, արևելյան և արևմտյան կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկական ճարտարապետության մեջ:

Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին եկեղեցին:


Վերջինս, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283 թ.-ին:

Եկեղեցին միանավ է, թաղածածկ, արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով: Արևմտյան ճակատին՝ մուտքի վերևում պատկերված է
Պռոշյան իշխանատոհմի զինանշանը` ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակը: Եկեղեցու պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ:


Վանքը XIII–XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դ. անապատի համալիրը նորոգել է Մեթարը:
1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել: Անապատի բակում և նրա շուրջը կան XIII–XVII դդ. բազմաթիվ խաչքարեր:

 

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի

Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

Կառուցվել է 2007  թվականին` բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

 

Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը.<<Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան>>:


Ս. Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ` արևմտյան և հարավային կողմերում:

 

Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:


Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները:

 

Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. <<Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը>>:


Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը:
 

 

Ջրահարսի վարսեր (Ջերմուկի մեծ ջրվեժ )
Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն, թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը...
* * *
Շատ հնուց ջրվեժի գլխավերևում՝ ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանն ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:
Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում... Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող հետ պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է<<Ջրահարսի վարսեր>>:

Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն
Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ):
Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:
XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ: Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին: Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով:
Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավիրված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որոնք միանում են կամարներով: Շենքի այդ հատվածը հավանաբար նախասենյակն է, որի մուտքն ունի հարուստ հարդարանք:
Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որն այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում:
Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր: Այդ պատճառով, ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ: Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի: Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում:
Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:
Այդ դարերում, այժմյա Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների հարուստ տոհմը: Օրբելյանների օրոք Սյունիքը վերելք է ապրում: Նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան են ներխուժում մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժում: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագատներ Օրբելյանները Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ:
Այդ տարիներին ակտիվանում է արևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքը հայտնվում է արևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես թե կետագծում էին միջազգային արևտրային ուղիները: Նման ապաստարաններից մեկը և հանդիսանում էր Սելիմի քարավանատունը:

Սմբատաբերդ
Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։

Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:


Համալիրն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով):  Սմբատաբերդը պաշտպանված է Արտաբույնքի և Եղեգիսի խոր ձորերով։

Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։

Ջուրը ջրմուղով բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից:

Սպիտակավոր վանք
Սպիտակավոր Ս.Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս:Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին:
Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է, որի ճակատակալ քարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի նշանավոր նմուշներից է։ Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանդակներով, ուշագրավ են Եաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտորական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ-Պետերբուրգ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան): Պատկերաքանդակներ են եղել նաև եկեղեցու ներսում («Դեիսուս» կոմպոզիցիան և գմբեթի ներսում ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Քրիստոսի կիսաքանդակը):
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Պահպանվել են նաև ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը:
Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին (տապանաքարի տեղադրման ամսաթիվն է), աշխարհի տարբեր անկյուններից, հայերը գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:
Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել “Մենավոր ընկուզենի” ֆիլմի որոշ դրվագները:
Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:
* * *
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի
Ս. Տրդատ Գ Մեծ թագավորի անունը հավերժացնող Ս. Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000թ.` բարերարությամբ ամերիկահայ բարերարներ Տեր և Տիկին Գալուստ և Էմմա Սողոյանների:
Ս. Տրդատ եկեղեցին օծվել է 2000թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Ս. Տրդատ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում` Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց Ձորի թեմի մեջ:
Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն` իրենց փոքրիկ գմբեթներով:
Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով: Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները:
Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի>>:
Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000թ.>>, իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000թ.>>:
Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է. <<Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:
Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան` կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.<<Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց. յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան Հայոց. Ճարտարապետ Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան. Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի 2000թ., կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:
Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա` եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար:
Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ:
Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է` օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը:
 

Ցաղաց Քար
Ցաղաց Քար (Ցախացքարի վանք) միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից` երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարանները։ Հարավային մասում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, կառուցվել է X դարում, Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989թ.:
Այս կառույցներից արևելք համալիրի արևելյան խմբի շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դրանք կառուցվել են 1041թ.-ին, Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս.Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Առանձնակի շեշտված է միակ` հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը` ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53