Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն 29.09.2014
Ռուսաստանի դաշնության սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի հրավերով սեպտեմբերի 23-27-ը աշխատանքային այցով ՌԴ Մոսկվա քաղաքի և Տամբովի մարզում էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Այցելության հիմնական նպատակը մասնակցությունն էր Տամբով քաղաքում կազմակերպված դպրոցականների առողջ ապրելակերպի և առողջ սննդի կազմակերպման հարցերով միջազգային համաժողովին: Միջազգային պատվիրակությանը ընդունեցին ՌԴ Ֆինանսների նախարարի տեղակալը և Տամբովի մարզի նահանգապետը: Դպրոցական կայուն և անվտանգ սննդի կազմակերպման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունն ունի հարուստ փորձ: Միջազգային պատվիրակության մասնակիցները դպրոցական սննդի կազմակերպման դրվածքը ուսումնասիրելու նպատակով եղան Մոսկվա քաղաքի և Տամբովի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում: Մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ արտադրվում և դպրոցներին է տրամադրվում պատրաստի դպրոցական սնունդ, ինչպես նաև այդ ուղղությամբ կազմակերպված ցուցահանդեսներում: Եռօրյա այցը շատ գործնական էր և խիստ՝ կարևոր մեր մարզում դպրոցական սննդի կազմակերպման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ 26.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում ռուսական կողմի հրավերով ս.թ. սեպտեմբերի 19-23-ը աշխատանքային այցով ՌԴ Արխանգելսկի մարզում էր մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև առկա են գործընկերային հարաբերություններ, ստորագրված են «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին» համաձայնագիրը (13.10.12թ.) և միջոցառումների ծրագիրը (17.06.13թ.): Այցի նպատակն էր մարզերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը և, մասնավորապես, համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: 2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականին ընդունեց Արխանգելսկի նահանգապետի տեղակալ Ս.Մ.Կովալյովը: Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մարզի որոշ առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները: Ս.Անտինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Սեպտեմբերի 20-21-ը Ս.Անտինյանը ներկա գտնվեց Արխանգելսկում ամեն տարի ավանդաբար անցկացվող Մարգարիտինյան տոնավաճառին, որտեղ ներկայացված էին տարածաշրջանի առանձին շրջանների գյուղատնտեսական մթերքներ, ազգային արտադրանք, ձեռագործ աշխատանքներ: Սեպտեմբերի 22-ին Արխանգելսկի կառավարության շենքում անցկացվեցին մի շարք հանդիպումներ: Հանդիպում կայացավ երկրամասի Արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարության հետ` տարբեր ոլորտների Արհմիությունների նախագահների մասնակցությամբ, Արխանգելսկի կառավարությանն առընթեր Զբոսաշրջային գործակալության կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում մարզի խոշոր զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդականը այցելեց Հյուսիսային Դաշնային (Արկտիկական) Համալսարան որտեղ հանդիպեց ԲՈՒՀ-ի ղեկավարության, ինչպես նաև Արհմիության նախագահի հետ: Ս.Անտինյանի կողմից ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մասնավորապես Ջերմուկի` որպես ժամանակակից առողջարանային քաղաքի առողջարանները, զոսաշրջության և արդյունավետ հանգստի բազմազան ենթակառուցվածքները, ներկայացվեցին հանքային ջրերի բուժիչ ազդեցությանը վերաբերող վերլուծական նյութեր: Ցուցադրվեցին առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները, մատչելի գնային առաջարկներով հանդերձ, ինչպես նաև` Ջերմուկի մասին նկարահանված վավերագրական-տեղեկատվական ֆիլմը: Օրվա վերջում մարզի վարչակազմի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացմանը նվիրված մամլո ասուլիս, որի լուսաբանմանը հրավիրված էին տեղական, տարածաշրջանային, ինչպես նաև դաշնային ԶԼՄ-ները: Ասուլիսին մասնակցեցին նաև տեղի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի կառավարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ա.Կալինինը, Զբոսաշրջային գործակալության ղեկավար Ս.Զենովսկայան: Խոսվեց երկու մարզերի միջև համագործակցության ընդլայնման և խորացման մասին, մասնավորապես` զբոսաշրջության բնագավառում: Ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի լայն զբոսաշրջային հնարավորությունները, ենթակառուցվածքները, տեղեկատվություն տրվեց Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի և առկա առողջարանների մասին: Սեպտեմբերի 23-ին Ս.Անտինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ առանձին կազմակերպությունների արհմիությունների ղեկավարների հետ, ներկայացվեցին զբոսաշրջային փաթեթները, Արհմիությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և հանգամանալից ուսումնասիրել բոլոր գնային առաջարկները:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՏՎԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ 26.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա գտնվեց լիտվացի բանաստեղծ Քրիստիյոնաս Դոնելայտիսի 300-ամյակին նվիրված մշակութային երեկոյին: Երեկոն կազմակերպվել էր բանաստեղծի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության առթիվ: Մշակութային երեկոն վարում էր լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ Վլադաս Բրազյունասը, մասնակցում էին երաժիշտ-կոմպոզիտոր Յուրգիտա Միեժելիտեն և հայ թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը: Միջոցառումը անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գրողներ, արվեստագետներ, մշակույթի ու հասարակական գործիչներ: Միջոցառմանը հնչեցին Դոնելայտիսի պոեմից հատվածներ` թարգմանված տարբեր լեզուներով, երաժշտության ուղեկցությամբ: Հատվածները իրենց մայրենի լեզուներով ընթերցեցին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետները: Մշակութային երեկոյին ներկա էր նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:

ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՅՔՈՒՄ 25.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է քաղաքային համայնքներում անցկացվող մարզական փառատոնը, որը կազմակերպել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Փառատոնի մարզային մեկնարկը տրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ջերմուկ քաղաքում: Փառատոնն անցկացվում է մի շարք մարզաձևերից. ֆուտբոլ, բազկամարտ, ծանրաքարի բարձրացում, շախմատ, նարդի, 1000մ վազք: 2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց վայքի ,,ԱՐԵՎԻԿ՚՚ ստադիոն, որտեղ մի շարք մարզաձևերից ընթանում էին փառատոնի ծրագրով նախատեսված մրցումները:

Հ.ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐՆԱՇԵՆՈՒՄ 25.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի մշակույթի տան դահլիճում Հր.Քոչարի “Կարոտ” ստեղծագործության բեմականացմամբ հանդես եկավ Հ.Մալյանի անվան թատրոնը: Ներկայացումը կազմակերպված էր Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված թատերական փառատոնի շրջանակներում: Ներկայացման ցուցադրությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Վերնաշենի համայնքի ղեկավարը և բազմաթիվ բնակիչներ:
Եղեռնի 100-ամյակի առիթով թատերական փառատոնի բացումը Վայոց ձորում 24.09.2014
Հայաստանի Թատերական գործիչների միությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը համատեղ Վայոց ձորի մարզում 2014 թվականի սեպտեմբերի 23-29-ը կազմակերպում են թատերական փառատոն՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին: Փառատոնի բացումը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում՝ Պերճ Զեյթունցյանի ,,100 տարի անց՚՚ պիեսով: Ներկայացնում ենք փառատոնի ժամանակացույցը.


