Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ 26.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում ռուսական կողմի հրավերով ս.թ. սեպտեմբերի 19-23-ը աշխատանքային այցով ՌԴ Արխանգելսկի մարզում էր մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև առկա են գործընկերային հարաբերություններ, ստորագրված են «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին» համաձայնագիրը (13.10.12թ.) և միջոցառումների ծրագիրը (17.06.13թ.): Այցի նպատակն էր մարզերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը և, մասնավորապես, համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: 2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականին ընդունեց Արխանգելսկի նահանգապետի տեղակալ Ս.Մ.Կովալյովը: Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մարզի որոշ առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները: Ս.Անտինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Սեպտեմբերի 20-21-ը Ս.Անտինյանը ներկա գտնվեց Արխանգելսկում ամեն տարի ավանդաբար անցկացվող Մարգարիտինյան տոնավաճառին, որտեղ ներկայացված էին տարածաշրջանի առանձին շրջանների գյուղատնտեսական մթերքներ, ազգային արտադրանք, ձեռագործ աշխատանքներ: Սեպտեմբերի 22-ին Արխանգելսկի կառավարության շենքում անցկացվեցին մի շարք հանդիպումներ: Հանդիպում կայացավ երկրամասի Արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարության հետ` տարբեր ոլորտների Արհմիությունների նախագահների մասնակցությամբ, Արխանգելսկի կառավարությանն առընթեր Զբոսաշրջային գործակալության կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում մարզի խոշոր զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդականը այցելեց Հյուսիսային Դաշնային (Արկտիկական) Համալսարան որտեղ հանդիպեց ԲՈՒՀ-ի ղեկավարության, ինչպես նաև Արհմիության նախագահի հետ: Ս.Անտինյանի կողմից ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մասնավորապես Ջերմուկի` որպես ժամանակակից առողջարանային քաղաքի առողջարանները, զոսաշրջության և արդյունավետ հանգստի բազմազան ենթակառուցվածքները, ներկայացվեցին հանքային ջրերի բուժիչ ազդեցությանը վերաբերող վերլուծական նյութեր: Ցուցադրվեցին առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները, մատչելի գնային առաջարկներով հանդերձ, ինչպես նաև` Ջերմուկի մասին նկարահանված վավերագրական-տեղեկատվական ֆիլմը: Օրվա վերջում մարզի վարչակազմի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացմանը նվիրված մամլո ասուլիս, որի լուսաբանմանը հրավիրված էին տեղական, տարածաշրջանային, ինչպես նաև դաշնային ԶԼՄ-ները: Ասուլիսին մասնակցեցին նաև տեղի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի կառավարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ա.Կալինինը, Զբոսաշրջային գործակալության ղեկավար Ս.Զենովսկայան: Խոսվեց երկու մարզերի միջև համագործակցության ընդլայնման և խորացման մասին, մասնավորապես` զբոսաշրջության բնագավառում: Ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի լայն զբոսաշրջային հնարավորությունները, ենթակառուցվածքները, տեղեկատվություն տրվեց Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի և առկա առողջարանների մասին: Սեպտեմբերի 23-ին Ս.Անտինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ առանձին կազմակերպությունների արհմիությունների ղեկավարների հետ, ներկայացվեցին զբոսաշրջային փաթեթները, Արհմիությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և հանգամանալից ուսումնասիրել բոլոր գնային առաջարկները:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՏՎԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ 26.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա գտնվեց լիտվացի բանաստեղծ Քրիստիյոնաս Դոնելայտիսի 300-ամյակին նվիրված մշակութային երեկոյին: Երեկոն կազմակերպվել էր բանաստեղծի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության առթիվ: Մշակութային երեկոն վարում էր լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ Վլադաս Բրազյունասը, մասնակցում էին երաժիշտ-կոմպոզիտոր Յուրգիտա Միեժելիտեն և հայ թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը: Միջոցառումը անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գրողներ, արվեստագետներ, մշակույթի ու հասարակական գործիչներ: Միջոցառմանը հնչեցին Դոնելայտիսի պոեմից հատվածներ` թարգմանված տարբեր լեզուներով, երաժշտության ուղեկցությամբ: Հատվածները իրենց մայրենի լեզուներով ընթերցեցին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետները: Մշակութային երեկոյին ներկա էր նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:

ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՅՔՈՒՄ 25.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է քաղաքային համայնքներում անցկացվող մարզական փառատոնը, որը կազմակերպել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Փառատոնի մարզային մեկնարկը տրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ջերմուկ քաղաքում: Փառատոնն անցկացվում է մի շարք մարզաձևերից. ֆուտբոլ, բազկամարտ, ծանրաքարի բարձրացում, շախմատ, նարդի, 1000մ վազք: 2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց վայքի ,,ԱՐԵՎԻԿ՚՚ ստադիոն, որտեղ մի շարք մարզաձևերից ընթանում էին փառատոնի ծրագրով նախատեսված մրցումները:

Հ.ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐՆԱՇԵՆՈՒՄ 25.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի մշակույթի տան դահլիճում Հր.Քոչարի “Կարոտ” ստեղծագործության բեմականացմամբ հանդես եկավ Հ.Մալյանի անվան թատրոնը: Ներկայացումը կազմակերպված էր Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված թատերական փառատոնի շրջանակներում: Ներկայացման ցուցադրությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Վերնաշենի համայնքի ղեկավարը և բազմաթիվ բնակիչներ:
Եղեռնի 100-ամյակի առիթով թատերական փառատոնի բացումը Վայոց ձորում 24.09.2014
Հայաստանի Թատերական գործիչների միությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը համատեղ Վայոց ձորի մարզում 2014 թվականի սեպտեմբերի 23-29-ը կազմակերպում են թատերական փառատոն՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին: Փառատոնի բացումը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում՝ Պերճ Զեյթունցյանի ,,100 տարի անց՚՚ պիեսով: Ներկայացնում ենք փառատոնի ժամանակացույցը.

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ 24.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի կողմից բեմադրված Պերճ Զեյթունցյանի > պիեսի բեմականացմամբ ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համատեղ ջանքերով կազմակերպած թատերական փառատոնը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնը մեկնարկեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հայր Զարեհ Կաբաղյանի աղոթքով և օրհնանքի խոսքով, որից հետո բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Փառատոնի պաշտոնական բացումից հետո ներկայացվեց բեմադրությունը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարություններով: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է Հայաստանյան յոթ թատերախմբերի ներկայացումների բեմադրությունները ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Արենի, Խաչիկ, Գետափ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում: Աննախադեպ այս թատերական փառատոնի եզրափակիչ ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Վայքի մշակույթի տան դահլիճում. Համազգային թատրոնի կողմից կներկայացվի Մ.Խերանյանի >, իսկ Եղեգնաաձորի մշակույթի տան դահլիճում Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոնի կողմից՝ Ս.Խալաթյանի > ստեղծագործությունները: