Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.08.2015
Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի օգոստոսի 14-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ 09.08.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Արենի համայնքում գործող ,,Հին Արենի,, գինու գործարանը: Վարչապետը շրջել է ձեռնարկությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ բարձրորակ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող: Այնուհետև վարչապետն այցելել է Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցել տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Գետափ համայնքում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազի գծի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100 տոկոսով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96 մլն դրամ: Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար: Մալիշկա համայնքում վարչապետը ծանոթացել է 32 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել գազիֆիկացման աշխատանքներից և վարչապետին դիմել մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում՝ խնդրին լուծում տալու նպատակով: Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, համայնքի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի կյանքի կոչման համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրել են, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել է գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել հարցին դրական լուծում տալ: Գլաձոր համայնքում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում են ավարտի հասցնել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8 մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378 մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը: Այնուհետև վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի: Վայոց ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 07.08.2015
Հարգելի շինարարներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել շինարարի աշխատանքը, հարգանքով է վերաբերվել շինարարներին, հոգատարությամբ պահպանել նրանց կառուցածը, որոնցով դարեր շարունակ հպարտացել է և աշխարհին ներկայացել պատմամշակութային հուշարձաններով ու կոթողներով, ինչպես նաև քաղաքաշինական ճարտարապետությամբ: Վայոց ձորի մարզի հարգելի շինարարներ, իրապես Վայոց ձորը հարուստ է պատմական նշանակության հուշարձաններով ու կոթողներով: Իսկ կառուցման ավանդույթները դարերով պահպանվել և այսօր էլ շարունակվում են հարստանալ: Համոզված եմ, որ Ձեր միջոցով գալիք սերունդներին են փոխանցվելու շինարարական արվեստի ազգային արժեքներն ու կառուցման ավանդույթները: Հարգելիներս, Ձեր ուժերով մեր մարզում իրականացվում են բազմաթին պետական ծրագրեր, կառուցվում և հիմնանորոգվում են առողջապահական, կրթական, մշակութային, մարզական և մարզի կենսագործունեության համար անհրաժեշտ այլ շինություններ: Կառուցվում և նորոգվում են ներմարզային ու համայնքային ճանապարհներ ու փողոցներ, ջրատարներ ու գազատարներ, որոնք նպաստում են մարզի բնակչության կենցաղավարության աստիճանական բարելավմանը: Հարգելի շինարարներ, մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ ստեղծագործական միտք, նոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ և աշխատանքային հաջողություններ: Թող հարատև հնչի վայոցձորցի շինարարի մուրճի զրնգուն ձայնը, ազդարարելով՝ մեր կյանքի շենացումն ու մարզի լինելիությունը:
Շատին համայնքում կառուցվում է առողջապահական ամբուլատորիայի նոր շենք 06.08.2015
Օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ" պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանը աշխատանքային այցով Վայոց ձորի Շատին համայնքում էին: Այցի նպատակը Շատին համայնքում կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և Շատինի համայնքապետ Մարատ Սմբատյանը: Առողջապահական ամբուլատորիայի շենքը կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Վայոց ձորի Շատին համայնքի գործող առողջապահական ամբուլատորիան կառուցվել է 1958 թվականին: Հաշվի առնելով այն փաստը, որ շենքը սեյսմակայուն չէ և վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէին, որոշում կայացվեց կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հուլիսի 13-ին: Նշենք, որ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, համաձայն կնքված պայմանագրի, նախատեսված է ավարտին հասցնել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Մարզպետ Հ. Սարգսյանը և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Ն. Զուլոյանը այցելեցին Շատինի գործող առողջապահական ամբուլատորիա, ծանոթացան աշխատանքային պայմաններին: Նշենք, որ համայնքում գործող ամբուլատորիան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնք: Բուժանձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ կառուցվող ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը հետաքրքրվեց համայնքում տրամադրվող բուժօգնության, առողջապահության ոլորտի ազգային ծրագրերի իրականացման, պատվաստումների, անվճար տրամադրվող դեղորայքների հետ կապված հարցերով: Ն. Զուլոյանը նշեց նաև, որ նորակառույց ամբուլտորիային կտրամադրվի բժշկական կահույք:
Սեմինար ,, Ի՞նչ է հարկավոր իմանալ հանուն առողջ ընտանիքի,, թեմայով 05.08.2015
Օգոստոսի 5-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ կայացավ ,, Ի՞նչ է հարկավոր իմանալ հանուն առողջ ընտանիքի,, թեմայով սեմինար: Այն իրականացվում է ,,Մարդկային զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և համահունչ է ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև...
Տեղեկատվություն 04.08.2015
2015 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների: