Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը 04.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդես միջոցառումը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Տոնի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 2015 թվականին վայոցձորյան այգիներում ու դաշտերում արտադրված մրգի ու բանջարեղենի օրհնության կարգը կատարվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձոր քաղաքի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Մարզպետ Հ.Սարգսյանը ողջույնի իր խոսքում տոնական տրամադրություն մաղթեց բերքի տոնի մասնակիցներին: Նա անդրադարձավ երկրի սահմաններում եղած լարվածությանը, բարեմաղթեց հայ զինվորին խաղաղ ծառայություն, իսկ վայոցձորցիներին՝ խաղաղ կեցություն և խաղաղությամբ արտադրած բերք ու բարիքի բարի վայելում: Մարզպետ նշեց, որ եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը և հավելեց, որ բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոն լինելու սահմաններից և դարձել մարզային տոնակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայոց բանակի գեներալներ՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր՝ ՀՀ այլ մարզերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տոնակատարության մասնակիցները համտեսեցին ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված համայնքների տաղավարների անուշահամ ուտեստները և հիացան սեղանների գեղեցիկ ձևավորումներով: Միջոցառման համերգային ծրագիրը Վայոց ձորին նվիրված երգի գեղեցիկ կատարումով բացեց բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վայոցձորցի սիրված երգիչ Արթուր Կարապետյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին արմատներով վայոցձորցի սիրված երգչուհի Նարինե Դովլաթյանը, ազգագրական երգի-պարի ,,Մասունք,, համույթը, վայոցձորյան անհատ կատարողներ Կարեն Մելքոնյանը, Լուսինե Ստեփանյանը, Լուսինե Կարպետյանը, մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր՝ Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների խումբը, Վայքի ՄՍԿ-ի ,,Անուրջներ,, Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Գետափ >, Գնդեվազի >, Ագարակաձորի >պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի > պարային դպրոցի և Շոտոկան կարատեի դպրոցի սաները: Համերգային ծրագիրն ընդհատվեց մրցանակաբաշխության հաղթած համայնքներին և մշակութային լավագույն կատարումների համար պարգևատրման հանդիսությամբ: Այնուհետև մինչ ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը և առավել տոնականորեն պարուրում վայոցձորցիների ավանդական բերքի տոնի մասնակիցների տրամադրությունը: Մնում է ավելացնել՝ քեզ դալար բազուկ աշխատասեր, քարից հաց քամող վայոցձորցի և անամպ երկինք:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արենի համայնքում կայացած <<Արենի գինու փառատոն>>-ին 03.10.2015
Այսօր Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նշվում էր գինու տոնը, տոնակատարություն, որը դարձել է ավանդույթ և մեծ մասսայականություն ու սեր է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Գինու 7-րդ ավանդական փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձոր մարզպետարանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, "Արենի գինու փառատոն" հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ողջ Արենիում տարածվել էր անուշահամ գինու բույրը, որին միախառնվել էին հայկական ավանդական ճաշատեսակների հոտը, ժողովրդական և ազգագրական երգն ու պարը և բազմահազար այցելուների ու զբոսաշրջիկների բարձր և ուրախ տրամադրությունը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց տասնյակից ավելի գինեգործական ձեռնարկությունների շքերթով: Գինեգործական ընկերությունների ներկայացուցչիները խաղողով լի զամբյուղները դատարկեցին "չանի" մեջ: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը "չանում" ավելացրեց անցյալ տարվանից պահված խորհրդանշական գինին, որից հետո Արենի գյուղի երիտասարդները "չանի" մեջ ոտքերով տրորեցին խաղողը՝ ներկաներին ցուցադրելով մեր պապերից եկած գինու ստացման ավանդական եղանակը: Քամված խաղողահյութը տեղափոխվեց մեկ այլ տարայի մեջ, որը կպահվի հաջորդ տարի ավանդույթ դարձած ծիսակատարության ժամանակ օգտագործելու համար: Ողջ Արենիում տիրում էր տոնական տրամադրություն՝ համեմված գինով, ժողովրդական երգ ու պարով: Պարում էին ոչ միայն Արենի ժամանած ազգային տարբեր համութներ, ալյև ողջ ժողովուրդը, նույնիսկ արտասահմանից եկած զբոսաշրջիկներ և հյուրեր: "Արենի գինու փառատոն"-ը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, գինեգործության մշակույթի տարածմանը և մարզում զբոսաշրջության զարգացմանը:

Տեղեկատվություն 02.10.2015
2015 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ռինդ համայնքի օրվան նվիրված տոնահանդեսին 02.10.2015
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ռինդի համայնք, մասնակցել համայնքի օրվան նվիրված տոնահանդեսին: Մինչ տոնահանդեսի սկսելը մարզպետի և համայնքի ղեկավարի գլխավորությամբ հյուրերն ու տոնակատարության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին համայնքի փառքի պուրակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված ռինդցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Տոնահանդեսի բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Տոնահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ռինդցիներին հաջողություններ , առատ բերք ու բարիք և ստեղծածի բարի վայելում ու խաղաղ կեցություն մաղթեց մարզպետ Հարություն Սարգսյանը և շնորհակալագրեր հանձնեց մի շարք բարեգործների և համայնքային ծրագրերի իրականացմանն աջակցող անձանց: Պարգևատևումներ եղան նաև համայնքի ղեկավարի կողմից: Առատորեն պատրաստված սեղաններին մոտեցող բոլոր հյուրերը համտեսում էին ցուցադրվող բարիքները և հայտնում իրենց ուրախությունը ընթացիկ տարում կարկտահարությունից տուժած ռիդցիների աշխատասիրության, ստեղծելու և արարելու անկոտրուն կամքի համար: Մինչև ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը, որն ավարտվեց տոնական հրավառությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ռինդ համայնքի օրվան նվիրված տոնակարատությանը 02.10.2015
Սիրելի ռինդցիներ, հարգարժան հյուրեր: Ողջունում եմ բոլորիդ և ջերմորեն շնորհավորում ռինդցիներին, արդեն ավանդական դարձած ,,Համայնքի օր ,, տոնակատարության կապակցությամբ: Ձևավորված ավանդույթի համաձայն Վայոց ձորի մարզում հոկտեմբեր ամսին տեղի են ունենում ընթացիկ տարվա ընթացքում ստեղծած բերք ու բարիքի տոնահանդեսներ: Ռինդը մեր մարզում և Հանրապետությունում հայտնի է իր աճեցրած քաղցրահամ մրգերով և արևահամ բանջարեղենով, արտադրած անմահական գինիով ու տարատեսակ պտուղներից ստացած օղու արտադրությամբ: Այսօր մենք ականատես ենք արարող, ստեղծող, քարից հաց քամող ռինդցիների առատաձեռն տաղավարներով բերքի տոնահանդեսին: Եվ սիրով ուզում եմ ասել՝ հալալ է ձեզ ռինդիներ, ձեզ տոնի բարի վայելում: Թող ուրախ տրամադրությունը ձեզ ուղեկցի տարվա և ձեր ողջ կյանքի ընթացքում: Հարգելիներս, մեր երկրի համար ռազմականապես դժվարագույն այս պահին առաջնահերթորեն անամպ երկինք և խաղաղ կեցություն եմ մաղթում բոլորիս: Եվ կարծում եմ արտահայտած պիտի լինեմ նաև ձեր կարծիքն ասելով՝ Աստված պահապան մեր բանակին: Ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այն զինվորներին, որոնց ծնորղները ներկա են այս պահին, քանզի նրանք են ապահովում այսօրվա մեր տոնահանդեսը խաղաղությամբ անցկացնելու հնարավորությունը և խաղաղությամբ շարունակելու վաղվա Արենիի գինու փառատոնը ու հաջորդ օրվա եղեգնաձորյան Բերքի տոնը: Հարգարժան գյուղապետ, մարղթում եմ, որ Ձեր գլխավորությամբ Ռինդի արարող ժողովուրդը հասնի առավել մեծ ձեռքբերումների: Սիրելի ռինդցիներ, կրկին շնորհավոր ձեր տոնը, ձեզ առողջություն և բարօրություն, անհոգ ու խաղաղ օրեր: Շնորհավոր տոնդ, Ռինդ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2015
Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Մեծ երջանկություն է ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած, իրենց աշխատանքով և արարումով մեզ շահած-պահած, ծերության շրջանին հասած մեր հարազատների կողքին և դասեր առնել նրանց փորձից, ստանալ նրանց օրհնությունը: Սակայն առավել մեծ երջանկություն է նրանց նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք հանդես բերելը, առավել տկարներին խնամելը, ինչպես նրանք են մեզ խնամել, երբ մենք ունեինք դրա կարիքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք հենց նման վերաբերմունք է դրսևորում, որովհետև հայ ազգը դարեր ի վեր ակնածանք է տածել ծերերի նկատմամբ, սիրո ու երախտագիտության դրսևորումներով շրջապատել ավագ սերնդի ներկայացուցիչներին: Կրկին շնորհավորում եմ մարզի ծերունազարդ տատիկներին ու պապիկներին Տարեցների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ առողջություն և բարօրություն, սեր և հոգածություն: