Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում 10.07.2015
Այսօր` հուլիսի 10-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկիներին վստահություն հայտնեց, որ մեր հզոր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկի հայր Հ. Ավագյանը: Հայոց բանակի նորակոչ զինվորներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վարդան Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին: Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները: Նորակոչիկները` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանից օրհնություն ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:
Հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ Խաչիկ համայնքում էր, որտեղ տեղի է ունեցել մարզպետի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Այցի նպատակը Խաչիկ գյուղում նկարահանվող հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմի նկարահանող խմբի հետ հանդիպումն էր: Տեղեկացնենք, որ ֆիլմը նկարահանվում է հունիսի 1-ից և երեկ կինոնկարի նկարահանման աշխատանքների վերջին օրն էր: Կինոնկարի ռեժիսորը ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է, նկարահանող խմբում է նաև ռեժիսոր և դերասան Միքայել Դովլաթյանը։ Հարություն Սարգսյանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպեցին ֆիլմի ռեժիսորին, զրուցեցին դերասանների հետ: Այնուհետև մարզպետը և դեսպանը Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին Խաչիկի գյուղապետարան, եղան նաև գյուղի մշակույթի կենտրոնում:
Կանցկացվի "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը 09.07.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքնի "Սիրանույշ" ճամբարում կանցկացվի "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը: "Բազե" երիտասարդական հավաքը մեծ հնարավորություն է ինքնադրսևորվելու, տարբեր մրցույթներում ուժերը չափելու համար: Ընտրվել են մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա (որտեղից ավելի շատ հայտեր են ներկայացվել երիտասարդների կողմից) և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Բոլոր երեք օրերն էլ կլինեն մրցութային: Երիտասարդներն իրենց ուժերը կփորձեն ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, ֆուտբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի և լողի մրցույթներում: Լավագույնները կընդգրկվեն "Բազե 2015" հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում։
Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը 09.07.2015
Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա են նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները: Վարժանքի խաղարկային փուլի սկզբում ներկայացված ուսումնավարժության սցենարի, միջանկյալների և իրավիճակի զարգացման պլանի համաձայն՝ իրականացվեց ձևավորված աշխատանքային խմբերի խնդրադրում: Ուսումնավարժության սցենարի համաձայն` մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ ,,զոհեր, տուժածներ և անօթևան,, մարդիկ: Ստեղծվել է ,,թեժ գիծ'' , գործարկվել է հատուկ կայք-էջ, ''աղետի գոտուն'' կից ծավալվել է շարժական լրատվական կենտրոն, որը ,,դեպքի վայրում,, ապահովում է լրատվամիջոցների աշխատանքը և աղետի գոտուց պարբերաբար տրամադրում տեղեկատվություն: Ուսումնավարժության խաղարկային փուլի ընթացքում առաջին անգամ գործարկվեց նաև աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը: ՄՄԼԿ-ի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից: Աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվեցին երկրաշարժից հետո բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնակչությանն ուղղված ուղերձներ, ինչպես նաև հանրային իրազեկման հաղորդագրությունների ձևեր: Երկրատեղեկատվական համակարգերի մասնագետների խումբը զբաղվում էր աղետի գոտու քարտեզների մշակմամբ, որոնք նույնպես տեղադրվում էին հատուկ կայք-էջում: Անցկացվեցին նաև ստեղծված իրավիճակը լուսաբանող խաղարկային մամուլի ասուլիսներ՝ տարբեր պետական կառավարման մարմինների ու խոշոր մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Աղբյուրը` http://mtaes.am/
Վայոց ձորի դպրոցականներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանում 09.07.2015
Ավելի քան 10 տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է "Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում" ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ, Արցախյան պատերազմի վետերանների ընտանիքների երեխաներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանի "Հասմիկ" ճամբարում: Այս տարի Վայոց ձորից ճամբար կմեկնեն195 դպրոցականներ: Ճամբարն անցկացվում է 3 փուլով` 20 օր պարբերականությամբ: Երեկ` հուլիսի 8-ին ճամբար մեկնեցին երկրորդ հերթափոխի 55 երեխաներ: Առաջին հերթափոխի 70 մասնակիցները ճամբար են մեկնել հունիսի 27-ին, իսկ երրորդ հերթափոխի թվով 70 դպրոցականներ Հանքավան կմեկնեն հուլիսի 27-ին, որոնց հանգիստը կավարտվի օգոստոսի 15-ին: Երեխաների տեղափոխությունը կազմակերպում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:
Վայոց ձորում բացվել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն 08.07.2015
Հուլիսի 7-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Կենտրոնի բացման արարողությունն իրականացրեցին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը : Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, ուժային կառույցների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք...