Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

05.03.2016

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 1959 թվականի այս օրը, Արարատի շրջանի Արարատ գյուղում ծնվեց հայոց Սպարապետը: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մեր հանրապետության ողջ տարածքով հիշատակի միջոցառումներ են անցկացվում:
Վայոց ձորի մարզում Սպարապետի ծննդյան օրը յուրօրինակ ջերմությամբ և շուքով նշվեց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր: Մարզում անցկացված միջոցառումների շրջանակներում, Եղեգնաձորի Սուրբ Աստավածածին եկեղեցում, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից անցկացվեց 256 պատանի երկրապահների օրհնության կարգ:
Մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հրապարակում անցկացվեց տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանը: Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ Վայոց ձոր մարզային կառույցի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետարաններ, մարզի ուժային կառուցների ղեկավարներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ վայոցձորցիներ:
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երկրապահ կամավորական միության հիմնը:
Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ տեղի ունեցավ վայոցձորցի 256 պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն ընթերցեց Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում ասաց.
,, Սիրելի հայրենակիցներ,
Այսօր հայության համար խորհրդանշական օր է, Հայաստանը նշում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 57-ամյա հոբելյանը:
Անգնահատելի է սպարապետ Վազգեն Սարգսյանի դերն ու ներդրած ավանդը հայ ժողովրդի անկախությունը և ազատությունը ապահովելու, մեր հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու գործում: Անհերքելի են սպարապետի գործադրած ջանքերը Հայաստանի պետականության և հայոց բանակաշինության գործում: Նա այն անհատներից էր, ում նվիրվածության, բարձր պատասխանատվության և հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրո շնորհիվ ծնվեց կամավորական շարժումը, պայքարի ելան մեր ազատամարտիկները և ստեղծվեց Երկրապահ կամավորական միությունը: Եվ պատահական չէ, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվում է, գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթ դարձած, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը:
Սիրելի պատանի երկրապահներ, ինչպես ասում էր հայ ազգի մեկ այլ երախտավոր զավակ Գարեգին Նժդեհը`
,,Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը,,:
Սիրեք ձեր հայրենիքը: Ընդունվելով պատանի երկրապահների շարքերը, հիշե՛ք, որ դուք եք մեր ապագա զինվորները և սպաները, ձեզ է վստահվում մեր հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը: Հիշե՛ք, որ դուք եք մեր բանակի հենասյունը:
Մենք այսօր մեր երախտիքի խոսքն են հղում Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորին, փառաբանում և մեր հարգանքի տուրք են մատուցում մեր երկրի կայացման և խաղաղության պահպանման համար իրենց կյանքը տված մեր հերոս մարտիկներին:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, մարդ, որի ապրած ուղին և սխրանքները հարատև են և ջերմացնում են յուրաքանչյուր հայի սիրտը: Շնորհավոր ծննուդդ Սպարապետ,,:

Սպարապետի ծննդյան առթիվ և ,,Պատանի երկրապահների,, ակումբում ներգրավվելու կապացությամբ շնորհավորանքի խոսքեր հնչեցին ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ՀՀ ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանի կողմից:
Միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի հետախուզական վաշտը ներկայացրեց ցուցադրական ելույթներ:
Միջոցառման մասնակիցներին իր կատարմամբ ողջունեց վայոցձորցի տաղանդավոր երգիչ, միջազգային միցույթների դափնեկիր Արթուր Կարապետյանը:
Միջոցառումը եզրափակվեց Վայոց ձորի համայանքների դպրոցների նորաթուխ պատանի երկրապահների տոնական շքերթով:
Վայոց ձորում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքն ավարտվեց Եղեգնաձորի ավագ դպրոցում, որտեղ Եղեգնաձորի ավագ դպրոցի <<Պատանի երկրապահների>> ակումբի սաները հուզիչ և սրտառուչ պահեր պարգևեցին ներկաներին:
Մարզային իշխանության, ԵԿՄ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչները, Արցախյան պատերազմի մասնակիցները, պատանի երկրապահները, վայոցձորցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53