Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում

Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում 30.09.2013

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Խոյի կուսակալության միջև 2010թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված հուշագրի, համատեղ մշակութային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 26-30-ը Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային ցուցահանդես: Համատեղ ցուցահանդեսի պաշտոնական բացմումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ժապավենը հանդիսավորությամբ կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու ԻԻՀ Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարին: Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել վայոցձորցի գեղանկարիչներ, քանդակագործներ, փայտագործ վարպետներ: Մշակութային պատվիրակության կազմում էին Կամո Սահակյանը (Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն), Արտյոմ Ղազարյանը, Վարդան Ավետյանը, Էդուարդ Ասատրյանը, Սամվել Հովհաննիսյանը, Բագրատ Սարգսյանը, Սայադ Սայադյանը, Արտյոմ Ղազարյանը, Հայկ Շահբազյանը: Մեր արվեստագետները Իրան էին տարել ավելի քան հարյուր աշխատանք, որոնց թվում` գեղանկարներ, գրաֆիկա, կոլլաժ, բատիկա, քանդակներ, փայտյա և մետաղական աշխատանքներ: Իրանական կողմը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին շուրջ տասը արվեստագետներով, որոնց գործերի մեծ մասը ձեռագործ գոբելեն աշխատանքներ էին: Մշակութային միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվական միջոցներով: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ, Խոյի քաղաքի ակտիվի և մեր պատվիրակության ներկայացուցիչներ:

Քուվեյթի  դեսպանի  այցը  ՀՀ Վայոց ձորի մարզ

Քուվեյթի դեսպանի այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին: Մարզպետարանում դեսպանին դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը: Մարզպետի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային իշխանությունների մակարդակով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամության և համագործակցության զարգացման խնդիրներ և հեռանկարներ: Մասնավորապես, դեսպանի կողմից առաջարկվեց բարեկամություն հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի և Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի միջև, ինչը մարզպետի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Դեսպանի համոզմամբ Քուվեյթի գործարար շրջանակների, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների համար գրավիչ են Վայոց ձորում, հատկապես Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերում ներդրում իրականացնելը:

Բերքի  տոն Գոմք համայնքում

Բերքի տոն Գոմք համայնքում 25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքում տեղի ունեցավ «Բերքի ցուցահանդես-տոնահանդես» միջոցառումը: Այն կազմակերպվել էր Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն զարգացման ծրագրի» շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շահառու վեց համայնքների կանանց կոոպերատիվների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին իրենց արտադրանքը, ինչպես նաև իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը: Յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր նաև տեղական խոհանոցին բնորոշ մի ճաշատեսակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, Օքսֆամ և Քաունթրփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր: Բերքի տոնահանդեսից հետո տեղի ունեցավ Գոմք համայնքի զարգացման համաժողովը` ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, համայնքների ղեկավարների, ծրագրեր իրականացնող տարբեր տեղական, միջազգային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ֆրանսիացի  լրագրողները Վայոց ձորի մարզում

Ֆրանսիացի լրագրողները Վայոց ձորի մարզում 25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 24-ին Նորավանքի վանական համալիրի տարածքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ «Արենի գինու փառատոնի» շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան ժամանած ֆրանսիացի մի խումբ լրագրողների և տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Է.Ղազարյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում տուրիզմի զարգացման, ինչպես նաև «Արենի գինու փառատոն»-ի կազմակերպման ծրագրերը: Է.Ղազարյանը սիրով պատասխանեց ֆրանսիացի հյուրերին հետաքրքրող հարցերին: Այցի նպատակն էր Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների և տուրիստական կազմակերպությունների միջոցով Ֆրանսիայում ներկայացնել և տարածել Վայոց ձորի զբոսաշրջային գրավչությունները` խթանելով ֆրանսիացի զբոսաշրջիկների այցը ՀՀ վայոց ձորի մարզ:

 Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը 25.09.2013

Վայոց ձորը ծանր կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը: Ընդամենը մեկ տարի առաջ, հոկտեմբերի 1-ին, մենք մեծագույն սիրով և ոգևորությամբ տոնում էինք Ֆիլիպ Բալոյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը: Կարճ ապրեց նա, սակայն մեծ հետք թողեց մեր մշակութային կյանքի պատմության մեջ: Առանձնապես մեծ ու անգնահատելի է Ֆիլիպ Բալոյանի ավանդը մարզում դասական արվեստի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ձևավորելու և մարզի արվեստասեր հասարակայնության ականջին այն ընկալելի դարձնելու գործում:Նա հարգված տնօրեն էր, ցանկալի ընկեր, սիրված հայր և լավ ամուսին: Անգնահատելի է Ֆիլիպ Բալոյանի մանկավարժական վաստակը: Նա իր տաղանդն անշահախնդրորեն փոխանցում էր իր սաներին` վերածելով նրանց հրաշալի երաժիշտների և երգիչների: Բոլորիս սրտերում հավերժ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, իսկ հիշողություններում՝ նրա հնչեղ ձայնն ու անկեղծ ծիծաղը:

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ 25.09.2013

ՀՀ Նախագահը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Նորավանքի ճանապարհին գտնվող ,,Արենի 1,, քարայր և ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից ,,Արենի 1,, քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված ,,Արենի 1,, քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39