Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ

Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ 25.08.2016

Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Արենի և Խաչիկ համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Տոնական միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի Խաչիկ համայնքում՝ սեպտեմբերի 24-ին, որտեղ արդեն 3-րդ անգամ կանցկացվի : Փառատոնի շրջանակներում նախատեսվում են ազգային երգ ու պար, ազգային խաղեր, գաթայի պատրաստման մրցույթ: Սեպտեմբերի 30-ին Ռինդ համայնքում կանցկացվի Ռինդ համայնքի օրը, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Արենի գինու 8-րդ ավանդական փառատոնը: Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի Արենիի գինու փառատոնը լուսաբանելու համար հրավիրվել են ասիական և եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստաալիքներ: Տեղեկացնենք, որ այս միջոցառումները կուղեկցվեն ազգային, ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ազգային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով, ինչպես նաև կանցկացվեն մրցույթներ: Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները մեծապես նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը և մարզում զբոսաշրջության ակտիվացմանն ու զարգացմանը:

Հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ 23.08.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աճեմյանի և Արտակ Ոսկանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը,Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Յիեն Աճեմյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության գործունեության շրջանակները, որոնք իրենց մեջ են ներառում արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրում, արագ արձագանքման կարողությունների կատարելագործում: Կազմակերպությունը համագործակցելով ՀՀ-ի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպում և անցկացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ: Յ. Աճեմյանը նշեց, որ կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում, արտակարգ իրավիճակների դեպքում, տրամադրում է տրանսպորտային, հեռահաղորդակցության և հումանիտար օգնություն:

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը 22.08.2016

Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական ,,Լիդիան Ինթերնեյշնլ,, ընկերության դուստր ընկերությունը՝ ,,Լիդիան Արմենիա,,-ն կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: ,,Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը և կարևորել այս խոշոր ծրագրի մեկնարկը:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 22.08.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզի ղեկավարը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին հանձնարարեց հետևել մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների իրականացմանը և նորահայտ հիվանդությունների մեկուսացմանը, զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի 9 համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների կազմավորման հարցում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նոր ուսումնական տարվա հետ կապված օգոստոսի 26-ին կայանալիք ուսուցչական մարզային խորհրդակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 22.08.2016

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ 1. 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում և նոր ուսումնական տարվա խնդիրները: (զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան) 2. ՀՀ պետական կրթական քաղաքականության արդի միտումները (զեկուցող՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյան): 3. Ելութներ 4. Հայտարարություններ 5. Խորհրդակցության աշխատանքների ամփոփում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան:

Օգոստոսի 22-ին կմեկնարկի <<Բազե-2016>> համահայկական երիտասարդական հավաքը

Օգոստոսի 22-ին կմեկնարկի <<Բազե-2016>> համահայկական երիտասարդական հավաքը 19.08.2016

Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում, արդեն 14-րդ անգամ, կմեկնարկի ,,Բազե,, համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Նշենք, որ այս տարի հավաքին կմասնակցեն շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։ Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն): Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։ Վայոց ձորից ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաք են մեկնել 9 երիտասարդներ, որոնք իրենց ուժերը կչափեն հետևյալ մրցույթներում ՝ երգ, պարի, նկարչության, բրեյն ռինգ, սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, լող, վոյելբոլ և ֆուտբոլ: Տեղեկացնենք, որ ,,Վայոց ձոր,, ջոկատի անդամների ընտրություն տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում: Նախընտրական փուլին մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 15:26:40