Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ 02.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց բարձր լեռնային համարվող Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոց: Է.Ղազարյանը շնորհավորեց դպրոցի բակում հավաքված աշակերտներին և ուսուցիչներին գիտելիքի, գրի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Է.Ղազարյանը հանդիպում ունեցով նաև դպրոցի ուսուցիչների և համայնքի բնակիչների հետ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՅՔԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 02.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Վայք ավագ դպրոց: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ Է.Ղազարյանը շնորհավորեց նրանց գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Մարզպետն ընթերցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Վայքի ավագ դպրոցում երմարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար մի շարք ուսուցիչների պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով: Այնուհետև հանդիպման ընթացքում դպրոցի տնօրենի կողմից ներկայացվեցին դպրոցի հաջողություններն ու անելիքները, մարզպետի մասնակցությամբ քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում կրթության ոլորտում իրականացվող ծրագրեր:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2014
Սիրելի հայրենակիցներ: Սեպտեմբերի 1-ը պետական տոնացույցի իր կարևորությամբ նշանակալի, իսկ ընդգրկումով՝ համաժողովրդական նշանակություն ունեցող տոն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Այն նշանավորում է նոր ուսումնական տարվա մեկնարակը դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, ինչպես նաև բոլոր ուսուցիչներին և դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին իր հետ բերի նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Գիտելիքն այն ուժն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձությունները, գիրն այն ուժն է, որը հնարավորություն է տալիս պահպանելու մեր ազգային ինքնությունն ու սերնդից սերունդ փոխանցել մեր մնայուն արժեքները, իսկ դպրությունն այն ուժն է, որտեղ ստեղծվում և պահպանվում է գիտելիքն ու գիրը: Այս երեք զորեղ ուժերը միավորող տոնը շատ բնութագրական է մեր ժողովրդին, քանզի դրա շնորհիվ է հնարավոր եղել պահպանել մեր հազարամյակների գոյությունը: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց հաճախող մեր փոքրիկներին: Թող գիտելիքի տաճար նրանց մուտքը բարեբեր լինի: Այս օրը նրանց համար, թերևս, առաջին շրջադարձային օրն է, որը պետք է նախանշի նրանց կյանքի հետագա բոլոր կարևոր իրադարձությունները: Բարի երթ եմ մաղթում նրանց այդ լուսավոր ճանապարհին: Այս ուսումնական տարին յուրահատուկ է նաև այն երիտասարդների համար, որոնք առաջին անգամ հաճախելու են քոլեջներ և համալսարաններ՝ ստանալով ուսանողի կարգավիճակ: Ես ցանկանում եմ, որ նրանք իրենց ուսումնառության արդյունքում դառնան լավ մասնագետներ և հետագա իրենց աշխատանքով շենացնեն մեր երկիրը: Սիրելի բարեկամներ: Ապրելով Վայոց ձորում՝ մենք շրջապատված ենք Գլաձորի, Նորավանքի, Շադիվանքի, Գնդեվանքի, Ցախաց քարի, Հերմոնի, Արատեսի և բազում այլ նշանավոր ուսումնական և հոգևոր կենտրոնների ոգեշնչող միջավայրով: Այնտեղ դարեր շարունակ մեր երանելի նախնիների արարման արդյունքում ստեղծվել է այն հսկայական, անգնահատելի ժառանգությունը, որին արժանանալու բախտն ենք վայելում 21-րդ դարում: Մեզ անհրաժեշտ է նոր և ժամանակակից կրթության ուժով բազմապատկել այդ ժառանգությունը, դարձնել այն հանրաճանաչ ողջ աշխարհում և փոխանցել մեր սերունդներին: Դրա համար մեզ անհրաժեշտ է միայն սեր կրթության, գիտելիքի և դպրության հանդեպ: Բարի երթ եմ մաղթում բոլորին 2014-2015 թվականների նոր ուսումնակնա տարում: Էդգար Ղազարյան ՀՀ Վայոց ձորի մարզպետ 01, սեպտեմբերի 2014թ.

Վայոց ձորի դպրոցները կհամալրվեն համակարգչային դասասենյակներով 29.08.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է. ,,Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար,,: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունները, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-հնդկական կապերի ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը և դեսպան Բաբուն քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա ևս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Տավուշի և Լոռու մարզերում կրթական ծրագրեր իրականացնելու համար: Այնուհետև կառավարությունում ,,Հայաստա,, համահայկական հիմնադրամի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջև ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Վարչապետ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձևավորվի նաև ներքին ցանց: Աղբյուրը՝ gov.am, 29.08.2014

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը 28.08.2014
2014 թվականի օգոստոսի 27-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում ՀՀ Օրհներգի հնչյունների ներքո սկսվեց մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, առարկայական մեթոդմիավորումների նախագահները, դպրոցների զինղեկերը, կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մասնաճյուղի աշխատակիցներ: Մարզպետ Էդգար Ղազարյանը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին Գիտելիքի և դպրության տոնի և նոր ուսումնական տարին մեկնարկելու կապակցությամբ: Մարզի կրթական համակարգի 2013-2014 ուսումնական տարվա արդյունքների և գալիք ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ: Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: Խոսեց ուսումնական գործընթացում տեղ գտած թերությունների մասին և հորդորեց առավել կարճ ժամանակահատվածում վերացնել նշված թերությունները: Մարզպետը հանձնարարեց դպրոցների ղեկավարներին՝ անել հնարավոր ամեն բան ուսման որակը բարձրացնելու, դպրոցներին հատկացված ֆինանսական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պետական ծրագիրն իրենց ղեկավարած դպրոցներում հաջողությամբ իրականացնելու նպատակով: Նա նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան կողմից 2014-2015 ուսումնական տարում ևս շարունակվելու է Վայոց ձորի մարզի դպրոցների համակարգչային դասարանները արդիական սարքավորումներով զինելու գործընթացը: Է. Ղազարյանը կրթական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց Գիտելիքի և դպրության օրը նշել պատշաճ հանդիսավորությամբ և հավաստեց, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջունը բերելով ուսուցիչներին և աշակերտներին:

Մենք տոնում ենք մեր հարգարժան գործընկերոջ ծննդյան հոբելյանը 27.08.2014
2014 թվականի օգոստոսի 27-ին լրանում է բազմավաստակ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանի ծննդյան 75-րդ տարեդարձը: Սամվել Թարվերդյանի ողջ գիտակցական կյանքը եղել է նվիրում և անմանցորդ ծառայություն մեր ժողովրդին և պետությանը: Ծնվելով ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում ապրող հասարակ գյուղական ընտանիքում՝ նա ստացել է բազմաստիճան և լիարժեք կրթություն՝ 1971 թվականին պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն և ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1974 թվականից նա զբաղեցրել է պետական և կուսակցական բազմաթիվ պաշտոններ: Երկար տարիներ եղել է Եղեգնաձորի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, ինչպես նաև ՀԿԿ Եղեգնաձորի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար: 1985 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, իսկ 1990 թվականին՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր: Կազմավորման օրվանից Սամվել Թարվերդյանն աշխատում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում՝ 1998 թվականից զբաղեցնելով մարզպետի տեղակալի պաշտոնը: 2002 թվականից նա ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունը: Լավ աշխատանքի համար երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ Մինստրների խորհրդի «Պատվո Նշան» շքանշանով, իսկ ՀՀ Նախագահի կողմից՝ «Անանիա Շիրակացի» մեդալով։ Հատկանշական է, որ Սամվել Թարվերդյանի պաշտոնավարման շրջանի հետ է կապվում Խորհրդային ժամանակներում, հատկապես Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական բուռն զարգացումը: Այդ ժամանակահատվածում, ինչպես Եղեգնաձոր քաղաքում, այնպես էլ շրջանի բազմաթիվ գյուղերում բուռն կերպով զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, կառուցվել են սոցիալ-մշակութային բազմաթիվ հաստատություններ: Նրա ղեկավարության շրջանում միջազգային մակարդակի հանդիսավորությամբ և համաժողովրդական տոնախմբության կազմակերպվել են Գլաձորի համալսարանի 700-ամյակի միջոցառումները: Այդ ժամանակահատվածում Եղեգնաձորի տարածաշրջանում իրականացվել են հսկայածավալ ներդրումներ, որոնց արդյունքներից մենք շարունակում ենք օգտվել մինչ օրս: Իր աշխատանքում բարեխիղճ, ազնիվ, կարգապահ, պարտաճանաչ, պետությանն անմնացորդ ծառայելու պատրաստակամ, չափազանց համեստ, զուսպ, առաքինի, իր ընտանիքն նվիրված, հասարակական խնդիրների հանդեպ հոգատար այդ մարդու կերպարն օրինակ է մեզ համար: Սամվել Թարվերդյանը, հիրավի, ամենահեղինակավոր վայոցձորցիներից մեկն է, որին ճանաչում և գնահատում են բոլորը, և որի անձի հանդեպ գոյությունի ունի համընդհանուր հասարակական հարգանք: Սրտանց շնորհավորում եմ ինձ համար շատ սիրելի և հարգարժան Սամվել Թարվերդյանին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Մաղթում նրան ամուր առողջություն և երկար տարիների կյանք: Նրա հետ աշխատանքի յուրաքանչյուր օրը ես ինձ համար ձեռբերում եմ համարում, քանզի նրա շնորհիվ կարողանում եմ լրացնել իմ շատ թերություններ, օգտվել նրա հարուստ գիտելիքներից և փորձառությունից, զարգացնել իմ մեջ ազնիվ արժեքներ ու գաղափարներ, խորհուրդներ քաղել ամենադժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար: Կարծում եմ Սամվել Թարվերդյանին ճանաչող, նրա հետ աշխատած յուրաքանչյուր մարդ կհամաձայնի ինձ հետ, որ նրա հետ ապրելով և աշխատելով մենք մեծ հարստության բաժին ենք առնում: Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը մենք բոլորս դեռ երկար վայելենք: Էդգար Ղազարյան` ՀՀ Վայոց ձորի մարզպետ, 27 օգոստոսի 2014թ.


