Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին 14.10.2013
ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Տոնական միջոցառումների գլխավոր հյուրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որին ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում հյուրերը ներկա են եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը:

Երևանը դարձավ 2795 տարեկան 12.10.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Երևանի հիմնադրման 2795-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին և տոնական համերգին:

Մարզային երիտասարդական հավաք Վայոց ձորում 12.10.2013
Վայոց ձորի Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցում Վայոց ձորի թեմը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղը կազմակերպել էին մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Երիտասարդական հավաքին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք քաղաքների, մի շարք գյուղական համայնքների, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ երիտասարդներ: Առանձին ջոկատով երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում էր նաև Արցախի ջոկատը, որոնք Վայոց ձոր էին ժամանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ: Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Հավաքի պաշտոնական բացումից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ հավաքի մասնակիցների հետ, ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի զարգացման իր ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեցի երիտասարդներին հուզող հարցերին:

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների խոշորացման հարցերի շուրջ 11.10.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է հայ-գերմանական համագործակցության «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման ֆեդերալ նախարարության կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած վարչատարածքային բարեփոխումների պիլոտային փուլի իրականացման ռազմավարության մշակման թեմայով աշխատանքային հանդիպմանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաև խնդրով շահագրգիռ միջազգային, հասարակական և գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ վայոց ձորի մարզից քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Զառիթափի գյուղապետ Խաժակ Դավթյանը:

Դպրոցների տնօրենների խորհրդակցություն 11.10.2013
Եղեգնաձորի ավագ դպրոցում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2013 թվականի ընթացքում ՀՀ կրթության պետական տեսչության կողմից իրականացված տեսչական ստուգումների ընթացքում արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մարզպետը պատասխանեց նաև դպրոցների տնօրեններին հուզող հարցերին:

Կոշտ թափոնների կառավարման խնդիրների քննարկում 11.10.2013
Ասիական զարգացման բանկի Երևանյան գրասենյակը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպել էր քննարկում կոշտ թափոնների կառավարման խնդիրների թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Արամ Գրիգորյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասիական զարգացման բանկի փորձագետները Հայաստանում կոշտ թափոնների կառավարման խնդիրների համատեքստում ներկայացրեցին իրենց պատկերացումները ՀՀ Վայոց ձորի մարզում աղբահանության կազմակերպման և կառավարման հարցերի վերաբերյալ, որից հետո նրանք պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին և ծավալվեց մտքերի փոխանակություն: Քննարկումից հետո Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում ծրագրի իրականացման հնարավոր ժամկետներն ու մոտեցումները: Մարզպետի կողմից ներկայացվեցին այն քայլերն ու աշխատանքները, որոնք մինչ այժմ իրականացվել են աղբահանության բարելավման ուղղությամբ:


