Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու 29.04.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, վերամշակող ընկերությունների ղեկավարներ, մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: Իր բացման խոսքում նախարարը նշել է, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա ընթացիկ հարցերը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները: ,,Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի և, այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա,,-իր խոսքում շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հավելել է, որ այս հարցերը գտնվում են հանրապետության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և առաջիկայում վերամշակող ընկերությունների գործունեությունը խթանելու և նրանց կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով նախատեսվում է նաև քննարկում կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները` մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադարձ է կատարվել նաև բերքատվության ավելացման, ինչպես նաև բերքի որակի բարելավման հարցերին, որը նույնպես արտահանման ծավալների ընդլայնման տեսանկյունից դեռևս մեծ խոչընդոտ է: ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հավաստել է, որ գյուղացիները բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն ունենա, և ընկերությունները պատրաստ են ապահովել ամբողջ բերքի իրացումը` շեշտելով մթերումների գնի և ժամկետների կարգավորման հարցերի կարևորությունը: Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան, որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար: Նախարարը խոսել է նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը: Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն եղել է նաև Ազատեկ համայնքում, որտեղ ,,Հայկական միրգ,, ծրագրի շրջանակում հիմնվել են շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի և ընկուզենու այգիներ: Ծրագրի հրավերով Հայաստան էր ժամանել նաև ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը:Նախարարը նշել է, որ ծրագիրը բավականաչափ շահավետ և հատկապես արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, և արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը: Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում, որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին: Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորել է նրանց միավորվել և կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին համատեղ ջանքերով առավել հեշտ և արդյունավետ լուծումներ տալ: Աղբյուրը՝ minagro.am, 29.04.2015

Եղեռնի 100-ամյակին նվիրված  միջոցառումներ՝ Շատին համայնքում

Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Շատին համայնքում 28.04.2015

ՀՀ Վայոց ձոր մարզի Շատին համայնքը ևս անմասն չմնաց հայոց դարավոր ցավին և համայնքում Եղեռնի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին: Գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ շրջապատող սարերի լաջերին գրվեցին՝ 1915-2015թթ. Հիշում եմ և պահանջում, գյուղապետարանի գրադարանը կազմակերպեց ցուցահանդես, որում ներկայացվեցին հեղինակներ, որոնք զոհ են գնացել 1915թ. Ցեղասպանությանը և լույս ընծայվեց պատի թերթ ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով: Ապրիլի 23-ին Շատինի գյուղապետարանի և դպրոցի աջակցությամբ կազմակերպվեց ջահերով երթ: Երթին մասնակցում էին համայնքի հարյուրավոր անդամներ: Մինչ երթը սկսելը բոլոր մասնակիցներին բաժանվեցին Հայոց Մեծ Եղեռնը խորհրդանշող ,,Անմոռուկներ,,: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը և Տերունական աղոթքով հարյուրավոր մոմեր վառվեցին նրանց հոգիների հանգստության համար: Միջոցառումները եզրափակվեցին ապրիլի 24-ի երեկոյան, համայնքը շրջապատող սարերի գագաթներին հիշողություն խորհրդանշող կրակներ վառելով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը՝  Վայոց ձոր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր 28.04.2015

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային խմբով նախ մասնակցել է Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի (ծննդավայրը՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Գնիշիկ) Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ամենամյա հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, ապա այցելել է Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ և լողավազան, ծանոթացել տիրող իրավիճակին: Այնուհետ մարզպետն ու նախարարը դիտել են հուշամրցաշարի առաջին խաղը: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 14 թիմեր: Նախարարի հաջորդ կանգառը մարզպետարանի նիստերի դահլիճն էր, ուր հանդիպում կայացավ սպորտի բնագավառի մարզային ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրացվեցին սպորտ դահլիճները մարզական գույքով ապահովելու, կառույցները վերանորոգելու հարցեր: Նախարարն էլ իր հերթին բարձրացրեց ֆիզկուլտուրայի դասաժամերը պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցը՝ որպես աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովման գրավական: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Գաբրիել Ղազարյանին Վայոց ձորի մարզի հանդեպ դրսևորած ուշադրության համար և նշեց. որ ինքը խիստ հետաքրքրված է մարզում ֆիզիկական դաստիարակության վիճակով և այսուհետ այդ խնդիրը կլինի իր ուշադրության և հսկողության ներքո: Նշվեց, որ հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվի առաջիկայում Վայոց ձորում մարզական կյանքն աշխուժացնելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը Հայաստանի Հանրապետության մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին: Վերջում նախարարն ու մարզպետն այցելեցին Վայք, Ջերմուկ և Մալիշկա համայնքների մանկապատանեկան մարզադպրոցներ և մարզադաշտ, ինչպես նաև շրջայց կատարեցին Ջերմուկի ճոպանուղու տարածքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը 27.04.2015

Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, աշխարհասփյուռ թեմերի պատվիրակներ, բարերար հայորդիներ, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության անցկացման հովանավորությունն ստանձնել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Արարողությունն սկսվեց հայրապետական հանդիսավոր խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարից տասներկու եպիսկոպոսների ուղեկցությամբ «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան: Հայրապետական ամպհովանին կրում էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Շարժայի բանկի ընդհանուր տնօրեն Վարուժան Ներգիզյանը, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ և նախարար Շահե Բարսումյանը և Չինաստանի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը: Թափորի մեջ տարվում էին համաքրիստոնեական սրբություններ և մեծանուն սրբերի 14 մասունքներ` Ս. Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով Աջը, Ս. Հռիփսիմե կույսի մասունքով Աջը, Ս. Անանիա առաքյալի մասունքով Աջը, Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով Աջը, Ս. Սարգիս Զորավարի մասունքով Աջը, Ս. Գևորգ Զորավարի մասունքով Աջը, Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով խաչ-մասունքարանը, Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը, Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով մասունքարանը և Զեյթունի Ավետարանը: Բոլոր այս սրբոց մասունքների հետ թափորի մեջ եկեղեցականները կրում էին նաև Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները պարունակող երկու մասունքարանները: Բաց Խորանի մոտ երգչախումբը «Հրաշափառ» շարականով ազդարարեց թափորի մուտքը, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց սրբադասման բուն արարողությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Աղավնաձոր  համայնքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Աղավնաձոր համայնքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը 27.04.2015

Ապրիլի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ժամը՝ 12.00-ին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր համայնք և մասնակցել Հայոց Ցեղասպանության արդեն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացումից հետո համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի ուղեկցությամբ մարզպետ Հարություն Սարգսյանը խաչքարի հարևանությամբ այգում խորհրդանշական ծառ է տնկել, ի հշատակ Սուրբ նահատակների: Այնուհետ մարզպետը մասնակցել է համայնքի մշակույթի տանը գյուղի արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտների ուժերով կազմակերպված հուշ-ցերեկույթին: Նշենք, որ միջոցառումներին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը: Նույն օրը, ժամը՝ 14.00-ին, Մալիշկա համայնքում նույնպես տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը :

Վայոց ձորի համայնքներում շարունակվում են տեղադրվել խաչքարեր, ի հիշատակ  Հայոց Ցեղասպանության նահատակների

Վայոց ձորի համայնքներում շարունակվում են տեղադրվել խաչքարեր, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների 27.04.2015

Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում խաչքար տեղադրվեց նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Եկեղեցու բակը սովորականից բազմամարդ էր: Ջերմուկցիներին ու դրսից ժամանած հյուրերին այստեղ համախմբել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող խաչքարի օծումը: Հուշակոթող Խաչքարի բացման պատիվը տրված էր եկեղեցական սպասավորին և Հայաստանի սահմանը ապագայում անսասան պահող զինվորին: Օրհնության ու օծման կարգ կատարեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գալուստ քահանա Սահակյանի կարծիքով՝ այս խաչքարով Ջերմուկը ևս միացավ ամբողջ աշխարհում Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ու աշխարհասփյուռ հայության արդար պահանջին: Հավատացյալ բազմությունն աղոթք հնչեցրեց առ Աստված՝ 100 տարի առաջ նահատակված մեկուկես միլիոն հայերի հիշատակի համար: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցով ու այդ օրը խորհրդանշող իրադարձություններով պատմության մեջ պայքարի մի նոր շրջափուլ է սկսվում: Իրենց ելույթի խոսքով հանդես եկան Ջերմուկի ավագ դպրոցի, Հայոց պատմության ուսուցչուհի Զարմիկ Հակոբյանը, Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակից Գոհար Թադեւոսյանը, ռուսաստանաբնակ բարեր Սերգեյ Մովսիսյանը եւ այլոք: Բարերար Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ Խաչքարը տեղադրվել է ոչ միայն իրենց հովանավորությամբ, այլ նաև՝ Ջերմուկ քաղաքի բնակիչների, քաղաքի պետական և ոչ պետական հաստատություների աշխատակիցների օժանդակությամբ եւ հայտնեց իր պատրաստակամությունը, որպեսզի աջակցեն Խաչքարի կառուցապատման հետագա աշխատանքներին, որոնք անավարտ են մնացել: Նախատեսվում է նաեւ, հուշ-քարի շրջակայքը վերածել փոքրիկ այգու: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին, Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած մեր նախնիների վառ հիշատակը: Միջոցառման ավարտին, ներկանները 100 խորհրդանշական ծառ տնկեցի եկեղեցու բակում, ի նշան հարգանքի մեր նախնիների, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության յաթաղանին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ Ջերմուկ գրուպ ընկերության տնօրեն Անաստաս Արսենյանը, Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց նաև Գնդեվազ գյուղում, որտեղ դպրոցի աշակերտներն ու բնակիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Ներկաները Սուրբ Հռիփսիմե մատուռի դիմաց տեղադրված խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-21 17:42:51