Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 01.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանի մասնակցությամբ կայացավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի հետ: Դիրկ Լորենցի հետ մարզ էին ժամանել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը, Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի Թագավորության փոխդեսպան Ըմայաս Մորսը: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի կողմից ՀՀ մարզեր ամենամյա այցելության շրջանակում: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության և մարզի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Համառոտ ներկայացրեց Վայոց ձորի տնտեսությունն ու զարգացման հնարավոր ուղիները՝ գյուղատնտեսության, անասնապահության, արդյունաբերության, զբոսաշրջության, ինչպես նաև բուժական զբոսաշրջության բնագավառներում, նշելով Ջերմուկի հանքային ջրի բուժական հատկությունների և ձյունառատ ու մեղմ ձմռան մասին: Հյուրերը հետաքրքրվեցին առանձնապես արտաքին ներդրումների շնորհիվ տնտեսության զարգացման հնարավորությամբ և մարզում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքով: Նրանք նշեցին, որ իրենց կողմից հայտարարվել է Տարածքային Զարգացման Պիլոտային Ծրագիր ՀՀ մարզերի համար, որում ընդգրկված է նաև Վայոց ձորը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կարևորում է դրամաշնորհային ծրագրերով տնտեսության զարգացման հնարավորությունները և հավելեց, որ ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԳՀ-ն նույնպես ծրագրեր են իրականացնում մարզերում գյուղացիական կոոպերատիվների ձևավորման նպատակով: Հ. Սարգսյանը հույս հայտնեց, որ տնտեսության զարգացման համար նման ծրագրերի իրականացման արդյունքում կհաղթահարվի անկախության տարիներին օբյեկտիվ պատճառներով ստեղծված դժվարությունները: Կողմերը երկուստեք հայտնեցին հետագա համագործակցության պատրաստակամություն: Վերջում հյուրերը դիտեցին Վայոց ձորի տնտեսության ոլորտները ներկայացնող պաստառներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է մարզի տարեց բնակիչներին 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այս կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլխում ապրող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 2 տարեցների` դրամական օգնություն տրամադրելու և, որ ամենակարևորը, առողջության բարեմաղթանքներ հղելու նպատակով: Քարագլուխ համայնքնի 101 ամյա Հայկանդուխտ տատիկը այն հարցին, թե ի՞նչ է հարկավոր երակարակեցության համար, պատասխանեց. ,,Չգիտեմ` իմ երկար ապրելու գաղտնիքը որն է, բայց մարդն իր բարի ու լավ գործերով միշտ առողջ ու երջանիկ կլինի,,: Միևնույն առաքելությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել է Գլաձորի համայնք, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը` Արփիի համայնք, իսկ աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը այցելել է Գետափի համայնք: Նշված համայնքների ղեկավարները ևս նվերներ էին պատրաստել տարեցների համար: Նշենք, որ Վայոց ձորում ապրում են 5 տարեցներ: Այսօր մենք ևս մեկ առիթ և հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը, ջերմ ու սրտառուչ խոսքերը փոխանցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Եվ ինչպես ասվում է հայտնի ժողովրդական ասացվածքում` ,,Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս,,:

Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում նշվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Ֆիլիպ Բալոյանի ծննդյան օրը: Երաժշտական դպրոցի կոլեկտիվը հիշատակի համերգ էր կազմակերպել կյանքից վաղաժամ հեռացած մշակութային գործչի ծննդյան օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Համերգին ներկա գտնվողների զգացումները, Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված կատարումները լի էին հուզմունքով, կարոտով ու կսկիծով, կորստի և ուրախության արցունքներով. կորուստ, որն անդառնալի է և ուրախություն, որ մատաղ սերունդն արդեն իսկ իր մեջ է կրում այս մեծ տաղանդի հիշատակը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Վայոց ձորի համար մեծ կորուստ է նման մարդու անժամանակ մահը, ցավ, որի հետ դժվար է համակերպվել: Միևնույն ժամանակ մեծ երջանկություն և ուրախություն է, որ մեզ բոլորիս բախտ է վիճակվել ճանաչել Ֆիլիպ Բալոյանին և կողք կողքի ապրել ու աշխատել այդ տաղանդավոր, կենսուրախ և հրաշալի մարդու հետ:

Տեղեկանք 01.10.2015
Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 29.10.2015թ. դրությամբ :

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը մասնակցեց Հայաստանի ՀԵՀ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից Հյուսիսային պողոտայում կազմակերպված զբոսաշրջային էքսպոյին։ Էքսպոյին մասնակցում էին հանրապետության 10 մարզերը, Երևանը և Արցախը, որոնք ներկայացրել էին իրենց մշակութային առանձնահատկությունները՝ ավադական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, երգ, պար, տեսարժան ու ատմամշակութային վայրեր և այլն: Նշենք, որ էքսպոյի նպատակն է զարգացնել ներգնա տուրիզմը: Վայոց ձորի մարզը ներկայացնող երիտասարդները ավանդական ուտեստներից, աշխարհին հայտնի վայոցձորյան գինուց և այլ բարիքներից բացի նորարական և ժամանակակից միջոցներով էին փորձել ներկայացնել մարզը, ինչպես օրինակ՝ հայկական զարդանախաշերով ժամանակավոր դաջվածքները: Էքսպոյի այցելուները Վայոց ձորի տաղավարում կարող էին նաև հայկական տարազներով երիտասարդ զույգեր պատկերող պաստառի օգնությամբ գեղեցիկ և յուրահատուկ ձևով լուսանկարվել: Հյուսիսային պողոտայում տիրում էր հայկական բերք ու բարիքով լի, հայկական ժողովրդական երգ ու պարով համեմված ուրախ և աշխույժ մթնոլորտ: Նշենք, որ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնին էքսպոյին մասնակցելու կազմակերպչական հարցերում աջակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

Միջոցառում՝ նվիրված մանկագիր Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակին 30.09.2015
Սեպտեմբերի 29 ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ մանկական բաժնի հերթական միջոցառումը` նվիրված անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ բաժնի վարիչ` Ջեմա Մարգարյանը: Միջոցառման ընթացքում խոսվեց Սուրեն Մուրադյանի ,,Իմաստուն պապերը և նրանց թոռները,, պոեմի մասին, որը ջերմ ու բարի զրույցների շարք է հայ ժողովրդի հանճարեղ զավակների և նրանց թոռների միջև, ուր արտացոլվում են մեր պատմության փառավոր էջերը` լի բազում հաղթանակներով: Ներկայացվեց նաև հեղինակի ,,Ես սիրում եմ քեզ, հայրենիք,, գիրքը, որն անվանի մանկագիրը նվիրվել է Մեծ եղեռնի 100-ամյակին: Միջոցառման ընթացքում հնչեցին Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Միջոցառման ամփոփիչ խոսքում տնօրեն Ռոզա Լևոնյանը կարևորեց նման գրական երեկոների և ցերեկույթների միջոցով հայ գրողների ստեղծագործությունների ներկայացումը դպրոցական տարիքի երեխաների համար: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և միջոցառման մասնակից երեխաներին բովանդակալից միջոցառում ներկայացնելու համար, իսկ հանդիսատեսին՝ ներկայության համար: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: