Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 04.03.2016
Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն ու սիրով շնորհավորում եմ ձեզ, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ: Մարտի 8-ը գեղեցկության ու բարության տոն է, նվիրված՝ անմնացորդ նվիրումի ու հոգատարության խորհրդանիշ մեր մայրերին, կանանց ու դուստրերին, ովքեր արժանի են ակնածանքի ու խոնարհումի, հարգանքի ու մեծարումի: Թանկագին կանայք, սիրով ուզում եմ բարձրաձայնել մեր պետության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում ձեր կարևոր դերակատարության, ինչպես նաև ուշիմ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու ձեր առաքելության մասին: Ցանկանում եմ նաև շեշտել այն անգնահատելի հատկանիշի մասին, որ դուք, միայն հայ կնոջը բնորոշ մաքառումներին ու դժվարություններին դիմակայելու և անհաղթահարելի թվացող արգելքները հաղթահարելու ունակությամբ, վաղվա օրվա հանդեպ ունեցած լուսավոր հավատով, մայրական անսպառ բարությամբ դարձել եք հայ ընտանիքի ամրության հիմնասյունը, գոյատևման առհավատչան: Հայ ազգի դարավոր պատմության ընթացքում շատ մեծ է եղել ձեր դերակատարումը նաև մեր ազգի և՛ բարոյական, և՛ ռազմական հաղթանակների, ձեռքբերումների, երկրի շենացման ու հզորացման գործում: Տա Աստված, որ այսուհետ բոլոր հայուհիներն ապրեն կապույտ երկնի ներքո, զբաղվեն միայն իրենց զավակների դաստիարակությամբ և նախընտրելի ու ստեղծագործ աշխատանքով՝ ի բարօրություն սեփական ընտանիքի, ի շահ սիրասուն հայրենիքի: Սիրելիներս, մարզային իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան, որ ինչ որ չափով թեթևացնեն ձեր հոգսերը, որպեսզի դուք շարունակեք մնալ կանացի ու հմայիչ, լինեք անհոգ ու պաշտպանված, որպեսզի միշտ փայլեն ու երջանկությամբ շողարձակեն աչքերը ձեր: Վայոցձորցի սիրելի տիկնայք, մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, ընտանեկան չխամրող երջանկություն, գորովանք ու սեր: Թող ,,Մարտի 8-ի,, տոները ձեզ բերեն միայն խաղաղ գարուններ:

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 04.03.2016
Մարտի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր աշխատասենյակում հյուրնկալեց մարզպետարանի կին աշխատակիցներին և նրանց հղեց տոնական շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Հ. Սարգսյանը կանաց նվերներ և ծաղիկներ հանձնեց: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և արհմիության նախագահ Հրանտ Դավթյանը:

Մալիշկայի համայնքապետը հանդես եկավ 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ 04.03.2016
Ս/թ. մարտի 4-ին 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվություն է ներկայացրել Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Ներկայացվել է գյուղապետարանի 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը: Բարձրաձայնվել է գյուղի մանկապարտեզի խոհանոցային մասնաշենքի, մշակույթի տան վերանորոգման և գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման հարցերը: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:

Ներկայացվեց Ագարակաձոր համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 04.03.2016
Մարտի 4-ին տեղի է ունեցել Ագարակաձոր համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Այն ներկայացրել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գեղանուշ Սաֆարյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

Տեղի ունեցել Գնդեվազ համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 04.03.2016
Տեղի է ունեցել Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և կատարված աշխատանքները: Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 04.03.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի մարտի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5