Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը աշխատանքային այցով եղել է սահմանապահ Խաչիկ գյուղում 11.07.2018
Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Արենի խոշորացված համայնքի Խաչիկ բնակավայր: Սահմանապահ Խաչիկ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում բնակավայրի բնակիչների հետ, որին մասնակցել են նաև բնակավայրի վարչական պատասխանատու Վարդան Ներսիսյանը, Եղեգնաձորի ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանը: Բնակիչների հետ հանդիպմանը քննարկվել է բնակավայրի կենսագործունեության համար կարևոր նշանակության հիմնախնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրի և էլ-էներգիայի բնականոն մատակարարման հարցերը: Մարզպետը խոստացել է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել բարձրացված հարցերի լուծման ընթացքին:
Այսօր՝ հուլիսի 11-ին, կայացավ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների քննարկմանը նվիրված ՀԿ ներկայացուցիչների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ ոլորտի 11 ներկայացուցիչներ, երկու շահագրգիռ անձիք և մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Օրակարգում ներառված էր նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերի և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացման հարցը: Վայքի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին տեղեկություն հաղորդեց հանձնախմբի անդամ, տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանը, իսկ Եղեգնաձորի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին խոսեցին Նեկտար Հովհաննիսյանը (ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի պատասխանատու) և Նարինե Գրիգորյանը (Ջինջ Արփա ՀԿ նախագահ): Ջերմուկի հանձնախումբը գործողությունների ծրագրերի և առաջարկությունների փաթեթի մասին
Իրազեկում 10.07.2018
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ս/թ հուլիսի 11-ին, ժամը՝ 15.00, Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերը և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: «Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին: «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 09.07.2018
Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ երիտասարդ փոխմարզպետներ Գևորգ Ավագյանին, Նանե Ասատրյանին և Ռազմիկ Տոնոյանին: Ա. Սաղաթելյանն իր խոսքում հաջողություն և բեղմնավոր աշխատանք ցանկացավ նորանշանակ պաշտոնյաներին՝ ընդգծելով, որ մարզպետարանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի ջանքները և եռանդը պետք է ուղղված լինեն Վայոց ձորի զարգացմանը և առաջընթացին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Վայոց ձորի քաղաքաշինության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց հրատապ լուծում պահանջող խնդիրները և դրանց կարգավորման համար պահանջվող ֆինանսական մանրամասները: Խոսվեց մարզում ընթացող բերքահավաքի մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ ընթացիկ տարում սպասվում է 1000 տոննա ծիրանի բերք, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի և խաղողի բարձր բերքատվություն: Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 09.07.2018
Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի հուլիսի 13-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: