Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ 22.01.2015
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին` - ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը. - վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին. - ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը. - մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին. - համայնքների խոշորացմանը. - մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին. - ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին: Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը: Դրա համաձայն` 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը` 98.8%): 2013 թ. համեմատությամբ` եկամուտներն աճել են 7.9 %-ով կամ 8,344,610 հազար դրամով: Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն` առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը` 98.4 %): 2013 թ. համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2 %-ով կամ 3,082,443 հազար դրամով: Ընդ որում` ընդհանուր ցուցանիշով 2012-2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում:

ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը 21.01.2015
Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի 6-ամսյա փոքրիկի հոգու հանգստության և հիշատակի հավերժության համար:

2015 թվականի հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա խնդիրներին և իրականացված ծրագրերին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ և ծանոթացել հաստատության հոգսերին, իսկ բուժկետերում հետաքրքրվել է բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հնարավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:

Վայքի համայնքապետ է ընտրվել Արագած Սաղաթելյանը 19.01.2015
2015 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցավ Վայք քաղաքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի նախնական տվյալների՝ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ անդամ Արագած Սաղաթելյանը: 5224 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2105-ը։ Մասնակիցներից Արագած Սաղաթելյանի օգտին քվեարկել են 1924-ը, դեմ՝ 109-ը: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ։

Ձմեռային զորակոչը շարունակվում է 15.01.2015
2015 թվականի հունվարի 14-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների անդրանիկ հավաքը, որի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթեց նորակոչիկներին և ողջունեց նրանց ծնողներին: Հավաքին ներկա էին Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը և Ջերմուկ քաղաքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Զուռնայի հնչյունների ներքո ներկաներն ուրախ տրամադրությամբ հրաժեշտ էին տալիս հայոց բանակի շարքերը համալրելու գնացող իրենց զավակներին: Իսկ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց Ձորի թեմի Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Գալուստ քահանա Սահակյանից և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից:
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գետափի հարակից փակ հատվածը բացվել է 15.01.2015
2015 թվականի հունվարի 15-ին, 14.00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքով անցնող հատվածը փակ էր: Ավտոճանապարհը փակել էին գետափցիները՝ դանակահարության մեջ մեղադրվող համագյուղացի Արամ Սարդարյանին ազատ արձակելու պահանջով: Դեպքի վայրում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանդիպել են գետափցիներին և զրույցի ժամանակ փոխհամաձայնության եկել ճանապարհի բացման հարցով, որպեսզի մայրուղում խցանումներ չառաջանան: Ոստիկանության աշխատակիցները հավաստել են Արամ Սարդարյանի հարազատներին, որ արդար դատավարություն կիրականացվի: Գետափցիները հեռացել են՝ արդար դատավարություն ակնկալիքով: Տեղեկացնում ենք, որ միջպետական ավտոճանապարը բաց է, իսկ երթևեկը՝ կանոնավոր: