Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները: Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին: Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը: Եթե 2010 թվականին ՀՀ-ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014-ին այն հասել է 51 տոկոսի: 2014-ին ավելացել են նաև մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ: Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի ևս կրելու են շարունակական բնույթ: Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք:
Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ 23.01.2015
2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Թառաթումբ և Շատին համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է աշակերտների ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ: Մարզպետը Թառաթումբ համայնքում հանդիպել է համայնքային բուժկետի, իսկ Շատինում՝ Առողջության կենտրոնի աշխատակիցների հետ: Թառաթումբի բուժկետում հետաքրքրվել է համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով, իսկ Շատինի Առողջության կենտրոնում՝ տեղեկացել նաև տարածաշրջանի գյուղերի սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին և այցելությունների գրաֆիկին:
Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ 22.01.2015
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին` - ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը. - վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին. - ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը. - մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին. - համայնքների խոշորացմանը. - մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին. - ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին: Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը: Դրա համաձայն` 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը` 98.8%): 2013 թ. համեմատությամբ` եկամուտներն աճել են 7.9 %-ով կամ 8,344,610 հազար դրամով: Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն` առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը` 98.4 %): 2013 թ. համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2 %-ով կամ 3,082,443 հազար դրամով: Ընդ որում` ընդհանուր ցուցանիշով 2012-2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում:
ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը 21.01.2015
Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի 6-ամսյա փոքրիկի հոգու հանգստության և հիշատակի հավերժության համար:
2015 թվականի հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա խնդիրներին և իրականացված ծրագրերին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ և ծանոթացել հաստատության հոգսերին, իսկ բուժկետերում հետաքրքրվել է բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հնարավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:
Վայքի համայնքապետ է ընտրվել Արագած Սաղաթելյանը 19.01.2015
2015 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցավ Վայք քաղաքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի նախնական տվյալների՝ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ անդամ Արագած Սաղաթելյանը: 5224 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2105-ը։ Մասնակիցներից Արագած Սաղաթելյանի օգտին քվեարկել են 1924-ը, դեմ՝ 109-ը: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ։