Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը 19.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ ս/թ մայիսի 16-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 81 քաղաքացի, ընդունելության էին եկել 63-ը: Ընդունելության եկած 60 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին աշխատանքի տեղավորման, հողային տարածքների սահմանների ճշգրտման և այլ անձնական հարցերով, որոնց վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել բարձրացված հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել:

2014 թվականի մայիսի 18-ին Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի Բերձոր քաղաք էր մեկնել ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ, Մալիշկա և Շատին համայնքների ղեկավարները, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենը և անհատ կատարողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ, Մալիշկայի համայնքային պարի խմբի սաներ: Պատվիրակության անդամները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Բերձորի ազատագրման և Արցախի ազատության համար իրենց կյանքի զոհաբերած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, որտեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նույն օրը տեղի ունեցավ Մալաթիա ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Ներքին Սուս գյուղում հյուրերը մասնակցեցին նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված խմելու ջրագծի բացման արարողությանը: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին նաև Մալիշկայի պարի խմբի սաները և Եղեգնաձորից ժամանած անհատ կատարողները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկի պատկերասրահ 19.05.2014
Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակներում 2014 թվականի մայիսի 17-ի երեկոյան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ, որտեղ, բացի մշտական ցուցադրությունից, մեկ օր առաջ բացվել էր նաև ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունը: Պատկերասրահում ցուցադրության էին ներկայացվել նաև Ջերմուկի արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Է.Ղազարյանը շրջեց պատկերասրահի տարածքում, ծանոթացավ ցուցադրություններին և տնօրինության հետ քննարկեց պատկերասրահի խնդիրները:

Տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն 16.05.2014
Ս/թ մայիսի 15-ին տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխմարզպետ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին ուսումնական տարին ամփոփելու, հրաժեշտի հանդեսները պատշաճ մակարդակով կազմակերպելու, միասնական և ավարտական քննությունները սահմանված կարգով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Մարզպետի կողմից տնօրեններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Քննարկվեցին նաև > մրցույթի, >, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման հարցերը, որոնց իրականացման համար ևս տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Ս/ թ մայիսի 15 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի թիվ 10 նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն և Սարավան համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերը քննարկելու մասին հարցերը: Հարցերը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2014
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994թվականից: Իհարկե, մինչ այդ էլ բոլորիս ուշադրության կենտրոնում է միշտ եղել մեր ընտանիքը, քանզի հայ ժողովուրդն ի սկզբանե մեծ հարգանք ու մեծարանք է դրսևորել ընտանիքի ավագների նկատմամբ, հոգատարություն ու խնամք՝ կրտսերների նկատմամբ: Այնուամենայնիվ, այս տոնը կրկին բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու: Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության ձևավորման բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: Մաղթում եմ՝ Ձեր ընտանիքներում երջանկություն վայելելու բարձր զգացողություն, որի հանրագումարում՝ երջանիկ կենսակերպով հասարակություն: Համոզված եմ, որ միայն երջանիկ հասարակությամբ մենք կարող ենք կերտել մեր երկրի լուսավոր ապագան, ստեղծել զարգացող տնտեսություն, պաշտպանել մեր երկրի սահմանները և ապահովել հարատև խաղաղություն: Ուստի բոլորիդ մաղթում եմ երջանիկ, ամուր ու կայուն ընտանիք: Ձեր ընտանիքներում թող միշտ իշխի խաղաղություն, սեր և բարեկեցություն: