Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 14.06.2014

Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավարության հետ, բուհի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարինա Կալինինայի գլխավորությամբ: Հայաստանյան կողմից ներկա էին մարզպետ Է.Ղազարյանը և մարզպետի խորհրդական Ս.Անտինյանը: Վավերագրական տեսանյութի, ապա` պրեզենտացիոն նյութերի ցուցադրմամբ ներկայացվեց Ռուսաստանի խոշորագույն դաշնային բուհերից մեկի կառուցվածքը, գիտակրթական ծրագրերը, հետազոտական ուղղությունները, նրա կազմում եղած ինստիտուտները և այլն: Պրոռեկտոր Կալինինան նշեց, որ բուհը պատրաստ է լայն գործընկերային հարաբերություններ հաստատել Վայոց ձորի մարզի հետ: Որպես համագործակցության հետագա զարգացման ուղղություններ, առաջարկվեց ՀԱԴՀ-ի բազայի վրա Վայոց ձորի կարիքների համար բարձրորակ կադրերի պատրաստման, դիմորդների համար մասնագիտական կողմնորոշման միջոցառումների անցկացման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրագործման, ինչպես նաև ռուսաց լեզվի աջակցմանն ու տարածմանն ուղղված համատեղ գործունեության իրականացումը: Մարզպետ Է.Ղազարյանը բարձր գնահատեց բուհի ներուժն ու հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով գիտակրթական հաստատության մասին համալիր ու ամբողջական տեղեկատվության տրամադրման համար, մարզպետը շնորհավորեց համալսարանի քառամյա տարեդարձը, նշելով, որ կրթությունը մեր երկու մարզերի միջև համագործակցության կարևագույն բաղադրիչներից է, որն ամրագրված է երկուստեք ստորագրված և գործող Համագործակցության համաձայնագրում: Քննարկման ընթացքում հատուկ հետաքրքրություն ներկայացրեցին զանազան թեմատիկայով համատեղ ամառային դպրոցների անցկացման, միջազգային գիտաժողովներին Հայաստանի և ՀԱԴՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցության, համատեղ ծրագրերի իրագործման բնագավառներում համագործակցության հնարավորությունը: Հանդիպման արդյունքներով մարզպետը հրավիրեց ՀԱԴՀ ղեկավարությանը պատասխան այցով այցելել Վայոց ձոր: Պաշտոնական հանդիպմանը հաջորդեց էքսկուրսիան «Հյուսիսի կենսառեսուրսների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների» նորարարական կենտրոն: Հայաստանյան պատվիրակության անդամները ծանոթացան թղթի պատրաստման և վերամշակման ժամանակակից լաբորատորիաների աշխատանքներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՒՄ 13.06.2014

Ս.թ. հունիսի 10-ին ՌԴ Արխանգելսկի երկրամաս այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական հուշարձան-խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը: Խաչքարը տեղադրվել էր քաղաքի ռուսական եկեղեցու՝ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա էին Արխանգելսկի նահանգապես Ի.Օրլովը, Արխանգելսկի և Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը, հոգևոր և պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: Նահանգապետ Օրլովը ողջույնի իր խոսքում բարձր գնահատեց հուշարձանի տեղադրումը, այն համարելով կարևոր իրադարձություն ոչ միայն տեղի հայ համայնքի կյանքում, այլև՝ երկրամասի բոլոր բնակիչների համար: Նա նշեց, որ իրադարձությունը մերձեցնում է հայ և ռուս ժողովուրդներին, ռուս ազգի ներկայացուցիչները հուշարձանի միջոցով հաղորդակից են լինում հայ մշակույթին, հոգևոր և ստեղծարար արժեքներին: Այդպես են միավորվում մեր երկրները, տարածաշրջանները, ժողովուրդները, որոնք քրիստոնեական մեծ ընտանիքի անդամներն են, իր խոսքում նշեց նահանգապետը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը իր շնորհավորական ուղերձում կարևորեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը մեր ժողովուրդների դարավոր եղբայրության նորօրյա դրսևորումներից է: Եվ այսօրվա հոգևոր մեծ իրադարձությունը դրա ամենավառ վկայությունն է, նշեց մարզպետը: Օրհնության խոսքով և շնորհավորանքի ելույթով հանդես եկավ նաև Սրբազան Դանիիլը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրության մթնոլորտում: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաբաց հուշարձանին: Խաչքարը պատրաստվել էր Հայաստանում քարագործ վարպետների կողմից և տեղափոխվել հեռավոր Արխանգելսկ տեղի հայկական համայնքի ղեկավար, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Գեկչյանի ջանքերով: Վերջինս նշեց, որ հուշարձանի պատրաստումը մոտ երեք ամիս է տևել: Այն կշռում է մեկուկես տոննա և իր տեսակով յուրահատուկ է: Նշենք, որ հյուսիսային հեռավոր այդ մարզում ներկայումս բնակվում է մոտ 1800 հայ, որոնցից 800-ը մարզկենտրոն Արխանգելսկում:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ 13.06.2014

Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Արխանգելսկի մարզ այցի ընթացքում «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում մասնակցեց «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որն անցկացվում էր 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված էր Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին: Ներկայացվեցին հայկական մշակույթի և կենցաղի առարկաներ, հայ գեղանկարիչների, կավագործ վարպետների աշխատանքներ: Ցուցադրության էին դրված հայկական գորգեր, կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, ազգային տարազներ, հայկական ուտեստներ, աղանդեր, չրեր, ավանդական փախլավա և այլն: Համերգային կատարումներով հանդես եկավ Գյումրիից հրավիրված ժողովրդական գործիքների համույթը: Ներկա էին Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Ելույթներ ունեցան Արխանգելսկի մշակույթի փոխնախարարը, հայ համայնքի ղեկավարը, այլ անձինք: Նախքան միջոցառման մեկնարկը հայկական պատվիրակության անդամների համար կազմակերպվեց հետաքրքիր էքսկուրսիա «Հյուրատուն» տարածաշրջանային թանգարանային համալիրում, տեղի ունեցավ հանդիպում թանգարանի տնօրինության հետ, խոսվեց միջմշակութային համագործակցության և, մասնավորապես, վայոցձորցի դպրոցականներին հյուսիսային ռուսաստանյան մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու հնարավորությունների մասին:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ 13.06.2014

Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ՌԴ Արխանգելսկի մարզում ընթացող 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված տոնական համերգին: Հանդիսությունները անցկացվեցին Մ.Լոմոնոսովի անվան դրամատիկական թատրոնում: Համերգից առաջ տեղի ունեցավ հայկական մշակութային ցուցահանդես: Ցուցադրության էին դրված հայկական թեմաներով գրական ստեղծագործություններ, ինչպես նաև ավանդական հայկական ուտեստներ: Տոնական համերգը ողջույնի ուղերձով բացեց Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը: Նահանգապետը Արխանգելսկի կառավարության անունից կրթության, արվեստի, հասարակական մի շարք գործիչների պարգևներ և մեդալներ շնորհեց: Նրանց թվում էին մեր հայրենակիցներ Մամիկոն Գեկչյանը` «Արխանգելսկի մարզի և Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահը և հայ համայնքի ղեկավարը և Վահե Պետրոսյանը` Արխանգելսկի օդանավակայանի գլխավոր տնօրենը, որոնք նահանգապետի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով Արխանգելսկի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար: Ողջույնի խոսքով հանդես եկան Արխանգելսկի և Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, Արխանգելսկի շրջանային պատգամավորական ժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Հայկական պատվիրակությունից ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը: Ողջունելով ներկաներին, Վայոց ձորի մարզպետը կարևորեց նմանատիպ միջոցառումները ազգամիջյան բարեկամական ջերմ հարաբերությունները պահպանելու գործում: Տոնական համերգին ելույթներով հանդես եկան ռուս, ուկրաինացի, հրեա, թաթար, ինչպես նաև հայ երաժիշտ կատարողներ, երգի, պարի համույթներ: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար Գյումրիից հրավիրվել էր հայկական ժողովրդական գործիքների փոքր խումբ:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ 6-ՐԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ 6-ՐԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ 13.06.2014

Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ՌԴ Արխանգելսկի մարզում ընթացող 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին: Նահագնապետ Ի.Օրլովի բացման հանդիսավոր ելույթից, ապա` ՌԴ պետական և Արխանգելսկի նահանգային հիմների հնչեցումից հետո հայկական պատվիրակության ղեկավար, մարզպետ Է.Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա բարձր գնահատեց հյուսիսային այդ երկրամասում արդեն ավանդական դարձած ազգամիջյան ֆորումների անցկացումը, ինչը տարբեր ազգերի ու ազգությունների խաղաղ գոյակցության և մշակութային բազմազանության հիմքն է, կարևորեց ազգերի միջև համերաշխության և փոխգործակցության հարցերում Արխանգելսկի հայկական համայնքի վճռական դերը ու նշանակությունը: Հաջողություն մաղթելով ֆորումի աշխատանքներին, մարզպետը հույս հայտնեց, որ այսուհետ ևս Արխանգելսկի մարզը կշարունակի լինել տարբեր ազգությունների համերաշխության դրսևորման օրինակելի մի երկրամաս: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը: Նա նշեց, որ Արխանգելսկի մարզը ազգամիջյան քաղաքականության արդյունավետ իրականացման վառ օրինակ է, որի արդյունքում ստեղծված բարենպաստ միջավայրում ապրում ու համագործակցում են տարբեր ազգերի, կրոնական հոսանքների ու մշակույթների ներկայացուցիչները: Բովանդակային հարցերի շուրջ ելույթ ունեցավ ռեգիոնալ քաղաքականության գծով Արխանգելսկի նահանգապետի տեղակալ Ս.Կովալյովը, ով ներկայացրեց ՌԴ ազգային քաղաքականության պետական ռազմավարության իրականացման մասին զեկույցը Արխանգելսկի երկրամասի համար: Նա նշեց, որ մարզի տարածքում գործում է 59 ազգային-մշակութային ինքնավարություն, էթնոմշակութային կազմակերպություններ ու միավորումներ, հայրենակցական միություններ: 2006թ-ից մարզում գործում է «Արխանգելսկի մարզի և Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդը», որը միավորում է 13 ազգային մշակութային ինքնավարություն և հասարակական կազմակերպություններ: Մարզային իշխանությունները աջակցում են այդ կազմակերպությունների ներդաշնակ գոյակցությանը, նրանց կողմից նախաձեռնվող սոցիալ-տնտեսական և մշակութային ծրագրերին: Նշենք, որ Արխանգելսկի ազգությունների խորհուրդը տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որի նախագահը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, մեր հայրենակից Մամիկոն Գեկչյանն է: Վերջինս նաև Արխանգելսկի նահանգի Հանրային խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ 12.06.2014

ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում 2012թ. ի վեր ջերմ և գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ Արխանգելսկի մարզի հետ: Ստորագրված են մարզերի միջև Համագործակցության համաձայնագիրը և Միջոցառումների ծրագիրը: 2014 թվականի հունիսի 10-11-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Ի. Օրլովի հրավերով եղավ ՌԴ Արխանգելսկի երկրամասում, որտեղ մասնակցեց 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին և Արխանգելսկում Հայկական մշակութային օրերին նվիրված տոնական միջոցառումներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39