Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

10.11.2026

   Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ աշխատակիցներ, սիրով շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
   30 տարիների ընթացքում ՏԻՄ ոլորտն անցել է բարդ ու պատասխանատու շրջան՝ կազմավորումից մինչև համայնքների խոշորացում, կառուցվածքային փոփոխություններից մինչև բարեփոխումներ, վերապահված դերի և գործառույթների հստակեցումից մինչև համայնքային ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը:
   Տեղական ինքնակառավարումը պետական կառավարման համակարգի կարևոր բաղադրիչներից է, ժողովրդավարական հասարակության կայացման և ամրապնդման հիմնարար ինստիտուտներից մեկը։ Այն առանցքային նշանակություն ունի համայնքների բնականոն գործունեության ապահովման, տեղական ժողովրդավարության զարգացման, բնակչության կարիքներին համապատասխան լուծումների և տարածքային համաչափ զարգացման գործում։
   ՏԻՄ ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, ի դեմս ձեզ՝ համայնքի բնակիչը տեսնում է իր խնդիրները լուծող առաջնային օղակի, իր և համայնքի խնդիրներով մտահոգ պատասխանատուի, ուստի ձեր արհեստավարժ աշխատանքով շարունակեք կատարելագործել համակարգը, է՛լ ավելի մեծացնել հանրության վստահությունը տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ, իրավասությունների շրջանակում արդյունավետ լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։
   Մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացումը, համայնքային ենթակառուցվածքների բարելավումը, հանրային ծառայությունների որակի բարձրացումը և բնակիչների բարեկեցության ապահովումը պահանջում են համատեղ ջանքեր, հետևողական աշխատանք և բարձր պատասխանատվություն։
   Համայնքային կառավարման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է պատասխանատու, հետևողական և նպատակային աշխատանքով, ինչպես նաև պետական և համայնքային կառավարման մարմինների միջև ձևավորված կառուցողական համագործակցությամբ։ Վստահ եմ, որ փոխգործակցության, մասնագիտական կարողությունների և միասնական պատասխանատվության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել է՛լ ավելի լավ արդյունքներ՝ ի նպաստ համայնքների առաջընթացի և մարզի կայուն զարգացման։
   Թող համայնքային կառավարման տարբեր օղակներում դրական փոփոխությունները, ակնառու ձեռքբերումները, բնակիչների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, քաղաքացիների ներգրավումը և նրանց ձայնը հնարավորինս լսելի դարձնելը լինեն շարունակական գործընթացներ։
   Օրվա առթիվ մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։ Միասին կառուցենք և շենացնենք մեր երկիրը, մարզը, համայնքը…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 18:11:12