Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
01.09.2026
Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այս օրը պարզապես տոն չէ, այլ կրկին գիտելիքի մասին խորհելու, նրա կարևորությունը գնահատելու, արժևորելու առիթ է, լավագույն փորձը ամրապնդելու, տարածելու, նոր նպատակներ ու ծրագրեր նախանշելու մեկնարկ։ Մեր հասարակության մեջ գիտելիքի և կրթության նկատմամբ սերն ու ակնածանքը, առանձնակի վերաբերմունքը մշտապես համարվել են առաքինություն, ժամանակների հոլովույթում՝ ազգային դիմագծի և ինքնության պահպանման ուրույն դրսևորում։
Ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը նոր հունով են ընթանում, ուստի հարկ է բարձրացնել կրթության ոլորտում պահանջների նշաձողը, որպեսզի լինենք մրցունակ, քայլենք փոփոխություններին համընթաց՝ միաժամանակ պահպանելով և լավագույնս համադրելով կրթության ոլորտում կուտակած դրական փորձն ու ազգային արժեքները։
Սիրելի՛ մանկավարժներ, կրթության գործի կազմակերպիչներ, կամրջելով երկու կարևոր օղակ՝ դպրոց և ընտանիք՝ ստանձնում եք պետության և հասարակության համար կայուն գիտելիքներով և բարձր արժեքներով օժտված սերնդի կրթության և դաստիարակության լրջագույն պատասխանատվությունը, ուստի շարունակեք մարդկային և մասնագիտական բարձր որակներով, հպարտությամբ և նվիրվածությամբ ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքը։
Սիրելի՛ սովորողներ, կյանքում գիտելիքն այն հաստատուն ձեռքբերումն է և մնայուն պատվարը, որի վրա ամուր խարսխվում են մյուս նվաճումները, այն բանալին, որը դուռ է բացում դեպի հաջողություն, մասնագիտական և անձնային աճ, սեփական ներուժի դրսևորում և ինքնաճանաչում, ուստի շարունակեք զինվել գիտելիքներով, ձեռք բերել հմտություններ, քայլել գիտելիքի ամբարման ճանապարհով, եղե՛ք նպատակասլաց, օրինակելի, նորարար և հայրենասեր․ չէ՞ որ հենց դուք եք ձեր ստեղծարար գաղափարներով և հայրենաշեն նախաձեռնություններով կերտելու մեր երկրի լուսավոր ապագան։
Մաղթում եմ բոլորիդ ուժ և եռանդ, ձեռքբերումներով և նվաճումներով լի արգասաբեր աշխատանք, թող նոր ուսումնական տարին նշանավորվի ակնառու հաջողություններով և դրական զարգացումներով։


