Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում» ծրագրի վերաբերյալ
26.08.2026
Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և գործընկեր կազմակերպություններ «Մարդը կարիքի մեջ» և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին՝ «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում»՝ ԵՄ մարդասիրական օգնության կողմից (EU-ECHO) ֆինանսավորվող ծրագրի նոր փուլը ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, քննարկվեցին ծրագրի նպատակները, նախատեսվող գործողություններն ու աշխատանքային մոտեցումները, ինչպես նաև համատեղ ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք գործնական քայլեր և առաջարկներ։
Այն հնարավորություն էր նաև մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչներին մանրամասն ծանոթանալու՝ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի Փախստականների գործակալության այս նոր ծրագրին և ներգրավված կազմակեպություններ Հայաստանի Կարմիր խաչի ընկերության, «Մարդը կարիքի մեջ» և HEKS-EPER-ի դերակատարմանն ու առաջիկա անելիքներին։
Մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները՝ վերջին տարիների մարտահրավերների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի, համայնքների դիմակայության ամրապնդման և կարողությունների հզորացման ոլորտներում և ողջունել պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդմանն ուղղված այս նոր նախաձեռնությունները։
Քննարկումներում կարևորվեցին մի շարք սկզբունքներ, մասնավորապես՝ պատասխանատու բոլոր օղակների համագործակցված և համակարգված գործողությունները, հստակ դերակատարությունը և համապարփակ մոտեցումները ծրագրում նախատեսված համայնքահեն միջոցառումների, համայնքային արձագանքման և կամավորական խմբերի ակտիվ ներգրավվածության խթանման, ինչպես նաև վաղ նախազգուշացման, հանրային ազդարարման, իրազեկման մեխանիզմների հստակեցման և ԱՌԿ պլաններին համահունչ գործողությունների, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման և այլ գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
Հանդիպման ավարտին մասնակիցներն անդրադարձան պատրաստվածությանն ու համայնքային դիմակայության ամրապնդմանը միտված առաջիկա աշխատանքների ձևաչափին և գործողություններին։














