Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նոր ուսումնական տարվա նախաշեմին
24.08.2026
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` օգոստոսի 21-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը:
Արդեն ընդունված ձևաչափի համաձայն` խորհրդակցությանը նախորդել է կրթական էքսպոն` «Ամենահետաքրքիր խմբակ» , «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» թեմաների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, մասնակիցները շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծային աշխատանքներին, զրուցել աշակերտների հետ: Այնուհետև <<Ամսվա լավագույնները>> մրցույթի շրջանակներում մարզի` հաղթող ճանաչված մանկավարժներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր:
Խորհրդակցության սկզբում մասնակիցներին ողջունել է մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, կարևորել նախագծային աշխատանքների դերը աշակերտների հետաքրքրությունների բացահայտման և կարողությունների զարգացման համատեքստում:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` մի շարք ուղղություններով ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները:
Նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացի, նախագծային ուսուցման բովանդակային շեշտադրման անհրաժեշտության, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, նոր առարկաների` «Առողջ ապրելակերպի» և «Անվտանգ կենսագործունեության» դասավանդման, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն առավել ճկուն և հետաքրքիր կազմակերպելու, թափուր աշխատատեղերի` էլեկտրոնային հարթակով կառավարման, նորակառույց և վերանորոգված դպրոցների պահպանության , <<Դպրոցական սնունդ>> ծրագրի ընդլայնման, գնահատման համակարգի փոփոխությունների և այլ հարցերի:
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ուսուցիչների ատեստավորման ցուցանիշները, սպասվող փոփոխությունները և հորդորել տնօրեններին հնարավորինս շատ ուսուցիչների ներգրավել գործընթացում, ընդ որում ատեստավորում կանցնեն նաև հատուկ մանկավարժները , լոգոպեդները, գրադարանավարները: Փոփոխություն է կատարվել նաև նախակրթարանների գործունեության կարգավորումներում։ Եթե նախկինում նախակրթարան կարող էին հաճախել հիմնականում 5-6 տարեկան երեխաները, ապա օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն է տրվել այնտեղ ընդունել 4-6 տարեկան երեխաների։Կարևորվել են նաև ոչ ֆորմալ կրթության, մասնավորապես խմբակների գործունեության հարցերը։
Այս ուսումնական տարին կրելու է <<Ընթերցանության տարի>> խորագիրը, որի շրջանակներում կկազմակերպվեն թեմատիկ միջոցառումներ, ընթերցանության մարաթոն և այլն
















