Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
16.07.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ հուլիսի 16-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի՝ հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունների տնօրեններ և բժշկական կազմակերպությունների կողմից նշանակված Հիմնադրամի գծով պատասխանատուներ։
Մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը կարևորեց ոլորտի արդիական և առանցքային թեմայի շուրջ իրազեկման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ Հիմնադրամի պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ներկայացուցիչները ինտերակտիվ ձևաչափով ներկայացրին արտահիվանդանոցային և հիվանդանոցային անվճար կամ համավճարային պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների գների՝ անհրաժեշտության դեպքում ըստ բուժման օրերի արժեքների, ծախսերի կառուցվածքի և փոխհատուցման կարգը և ապահովագրական փաթեթում առկա սահմանափակումները։
Կառուցողական և արդյունավետ քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, քննարկելու կոնկրետ իրավիճակներ, ստանալու համապատասխան պարզաբանումներ։Անդրադարձան նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում սպասվող հետագա գործընթացներին և փոփոխություններին։









