Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման վերաբերյալ
02.07.2026
Հուլիսի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման վերաբերյալ։
Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական համապատասխան կառույցների և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ։
Արսեն Խաչատրյանը նշեց , որ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել , կարևորել կանխարգելիչ աշխատանքների դերն ու նշանակությունը և ծավալել անհրաժեշտ գործողություններ։
Քննարկումներում շեշտադրվեցին մի շարք հարցեր, մասնավորապես՝ պատրաստ վիճակի բերել բնակավայրերում հրդեհների մարման աշխատանքներում ընդգրկելու համար նախատեսված ուժերն ու միջոցները, հրդեհաշիջման աշխատանքներում պարտադիր ներգրավվել նաև համայնքում ստեղծված կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերին, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով սերտորեն համագործակցել մարզային փրկարարական վարչության հետ, ապահովել դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ մոտեցման ճանապարհների անցանելիությունը և այլն։
Ընդգծվեցին իրազեկման աշխատանքների պատշաճ մակարդակով ապահովման հարցերը՝ տեսանելի վայրերում փակցնել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ցուցանակներ, բնակչության իրազեկվածությունն ապահովելու նպատակով սոցիալական հարթակներում պարբերաբար տեղադրել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տեղեկատվություն և այլն:
Ամփոփելով քննարկում - հանդիպումը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը նշեց, որ աշխատանքների արդյունավետ և հասցեական կազմակերպման համար շատ կարևոր է խնդրին առնչվող բոլոր օղակների ներգրավվածությունն ու համագործակցությունը։








