Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում անչափահասների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ
16.06.2026
Հունիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչություն պետի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների պետերի, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ներկայացուցիչների, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների, համայնքների խնամալակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում։
Օրակարգային հարցերն առնչվում էին հիմնականում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կրկնման ռիսկի գնահատման արդյունքում բարձր ռիսկայնության իրավիճակների վերաբերյալ տվյալների փոխանցմանը և կոնկրետ դեպքերին, անչափահասների հետ իրականացված աշխատանքի արդյունքում վարքագծային փոփոխությունների գնահատմանը, կոնֆլիկտների հաղթահարման եղանակներին, կրթությունից դուրս մնացած անչափահասների ուղղությամբ կատարվող աշխատանքներին և այլն։
Մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, բարձր գնահատելով օրակարգային հարցերի ուղղությամբ կատարված և կատարվող բազմակողմանի աշխատանքների արդյունավետությունը, կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և պատասխանատու բոլոր օղակների ներգրավվածությունն ու համագործակցությունը համապատասխան աշխատանքներում։
Քննարկվեցին մի շարք ընթացակարգային և իրավիճակային հարցեր, վերլուծվեցին արդյունքներ։ Ընդգծվեց, որ պետք է առավել սերտացնել համագործակցությունը կրթական հաստատությունների ղեկավարների հետ, կոնֆլիկների հաղթահարման ավելի կառուցողական մոտեցումներ մշակել, ապահովել առավել կայուն ցուցանիշներ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին։Նշվեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ՝ հետագայում առավել հասցեական անդրադառնալով դեպքերին և խնդիրներին։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը նշեց, որ թեև քննարկված խնդիրների առումով մարզի ցուցանիշները բավականին դրական են, բայց պետք է միշտ կարևորել կանխարգելիչ աշխատանքները՝ հետագա խնդիրները և դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար։












