Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2026
Հունիսի մեկին մենք նշում ենք ամենապայծառ և գեղեցիկ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ուստի ամենաջերմ մաղթանքներով ու լավագույն ցանկություններով ուզում եմ շնորհավորել մանուկներին։
Սիրելի՛ փոքրիկներ, եղե՛ք անհոգ և ժպտերես, երջանիկ և ուրախ, վայելե՛ք ձեր ոսկեծամ մանկության յուրաքանչյուր պահը, ձեր լուսաշող ժպիտով և վարակիչ ծիծաղով ջերմացրե՛ք մոլորակը, պարուրե'ք այն հեքիաթային աշխարհի վառ գույներով։ Թող ոչ մի թախիծ, տխրության ոչ մի ամպ չստվերի ձեր անհոգ մանկությունը, չխաթարի ձեր երջանկությունը։
Օրվա խորհրդի շրջանակներում մեկ անգամ ևս բարձրաձայնենք, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրո, հոգատարության, պաշտպանության, կրթության և արժանապատիվ կյանքի իրավունք։
Երեխայի դաստիրակության, կրթության, լավագույն շահերի պաշտպանության համար պատասխանատու մարդկանց, պատկան կառույցների պարտքը պետք է լինի ստեղծել և ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա ազատորեն արտահայտել իր մտքերը, դրսևորել իր կարողություններն ու զարգացնել տաղանդը, հավատալ իր ուժերին և զգալ իրեն պաշտպանված ու գնահատված։
Թող յուրաքանչյուր օր երեխաների համար տոն լինի, նրանց իրավունքների պաշտպանությունը՝ ամենօրյա աշխատանք։
Նորից շնորհավորելով երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ նրանց անսպառ ժպիտ և առողջություն, ծնողներին՝ նրանց ձեռքբերումներով բերկրանքի և հպարտության բազմաթիվ պահեր վայելելու հնարավորություններ։


