Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

22.05.2026

   Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի առթիվ:
Դպրոցական տարիների էջը շրջելով` դուք կանգնած եք կյանքի մեկ այլ կարևորագույն ճամփաբաժանում` լի մարտահրավերների հաղթահարմամբ, նպատակների սահմանմամբ, առաջնահերթությունների որոշմամբ...
   Լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ձեռքբերած գիտելիքները, լավագույն արժեքների վրա խարսխված դաստիարակությունը դառնալու են այն հուսալի և ամուր պատվարը, այն անսխալ ուղեցույցը, որ առաջնորդելու են ձեզ դեպի բարձունքներ և հաղթանակներ, դեպի խենթ երազանքների իրականացում կամ հստակ նախանշած նպատակների իրագործում։
   Սիրելի՛ շրջանավարտներ, շարունակե՛ք վստահ քայլել գիտելիքի ձեռքբերման ճանապարհով, կատարելագործել ձեր հմտությունները, նվաճել նոր հորիզոններ, դրսևորել ձեր կարողությունները, բացահայտել նոր հնարավորություններ և զարմանալի աշխարհներ` ի շահ ձեր անձնական առաջընթացի և մեր երկրի հզորացման ու բարօրության:
   Համոզված եմ, որ ձեր շրջահայացությամբ և խելամտությամբ, ներուժով և գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ և հայրենասիրությամբ, ազնիվ մղումներով և վեհ արժեքներով, ապագայի հանդեպ լավատեսությամբ հետագայում կնպաստեք մեր հասարակության կայուն զարգացմանը, հայրենիքը շենացնելու նախաձեռնություններին։
   Սիրելի' ուսուցիչներ, այսօր նաև ձեզ շնորհավորելու օրն է, երիտասարդ սերնդին կրթելու և դաստիարակելու կարևորագույն առաքելության ընթացքում ձեր ներդրած ջանքերը, անսահման նվիրվածությունը, անսպառ հոգատարությունը, սահմանած բարձր նշաձողերը վերստին գնահատելու և արժևորելու օրն է: Թող ձեր սաների հաջողությունները և ձեռքբերումները լինեն ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականը, նրանց գոհունակությունը և նվաճումները` լավագույն վարձատրությունը։
   Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, հիշե՛ք՝ մեծ հաղթանակներն սկսվում են հավատից, աշխատասիրությունից և երբեք չհանձնվելու հաստատակամությունից․․․

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46