Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր , ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Տարիներ առաջ ազգային տոնացույցը համալրվեց խորհրդանշական մի տոնով ևս. Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը՝ առավել ընդգծելով օրվա և տոնի մեծ խորհուրդը:
Օրը խորհրդանշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը և ընկալվում որպես նաև մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության ու հոգատարության, նվիրվածության և գեղեցիկ սիրո վկայություն:
Տոնը նորից ու նորից մեզ հիշեցնում է այն մեծ և անգնահատելի երախտիքի և դերակատարության մասին, որ ունեցել և ունի հայ կինը հասարակության ներդաշնակության և ընտանիքների ամրության պահպանման, զավակներին հայեցի ազնվագույն արժեքներով դաստիարակման և լավագույն ավանդույթների փոխանցման գործում:
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, շարունակե՛ք ձեր գեղեցկությամբ և բարությամբ, անսահման նվիրվածությամբ և հեզությամբ զարդարել կյանքը , շենացնել հայկական օջախները, միաժամանակ ձեր խելամտությամբ և շրջահայացությամբ, ներուժով և գիտելիքներով աջակցել, նպաստել հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ու առաջընթացին:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, կամք, տոկունություն, ձեր ընտանիքներին՝ սեր, համերաշխություն և բարօրություն: Թող Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն իր կենարար խորհրդով հույս ու օրհնություն պարգևի ձեզ:


