Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2026
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Տոնը հիանալի առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու ձեր անփոխարինելի դերն ու առաքելությունը մեր կյանքում, երախտագիտության խոսքեր ասելու ձեզ:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներգրավված լինելով՝ ձեր նվիրված և ամենօրյա ստեղծարար աշխատանքի շնորհիվ նպաստում եք մեր պետության հզորացմանը , կայուն զարգացմանը և ներդաշնակ հասարակության ձևավորմանը:
Մեր հասարակության մեջ կնոջ աճող դերակատարությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և բազում այլ ոլորտներում ներգրավվածության ընդլայնումը նոր հնարավորություններ են ընձեռում ձեր ներուժի լիարժեք դրսևորման, նոր գաղափարների իրագործման համար՝ ի շահ մեր երկրի բարօրության և բարգավաճման:
Հայ կնոջ ավանդական կերպարում մշտապես մարմնավորվել են անսահման բարության և հոգատարության, անմնացորդ նվիրվածության և աշխատասիրության, խելամտության և ընտանիքի պահապանի գծերը։ Սիրելի՛ կանայք, շարունակե՛ք այդ բարձր և պատասխանատու դերակատարությունը ընտանիքում և հասարակության մեջ։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինվորների մայրերին, կանանց, քույրերին... Ուժ և տոկունություն ձեզ:
Օրվա խորհրդին համահունչ՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ ցանկանալով շարունակական նվաճումներ և ձեռքբերումներ, անսպառ եռանդ և լավատեսություն։ Թող կանացի երջանկությունը և հմայքը միշտ ուղեկից լինեն ձեզ, ձեր ընտանիքներում թևածեն միայն սերն ու համերաշխությունը, լինեք գնահատված և մեծարված:


