Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի խոսքը Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրվա կապակցությամբ
27.01.2026
Հարգելի՛ հայրենակիցներ, հունվարի 27-ը մեր օրացույցում ամրագրվել է որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր: Այն մեկ անգամ ևս ընդգծում է մեր անսահման երախտագիտությունը և մեծ պատասխանատվությունը նրանց հիշատակի առջև, ովքեր չվարանեցին հայրենիքի պաշտպանության, անկախության և ազատության համար նվիրաբերել ամենաթանկը՝ կյանքը: Քաջ հայորդիների հիշատակն անմար է, նրանց սխրանքները՝ վառ օրինակներ, նրանց կերպարները՝ ոգեշնչող , փառքը՝ հարատև:
Այս օրը ոչ միայն հիշատակի և խոնարհման օր է, այլև այն մեծ պարտավորության վերստին ընդունումը, որ իրենց ապրած կյանքով , հերոսական արարքներով, հայրենիքի նկատմամբ դրսևորած անձնուրաց սիրով թողել են մեզ հավերժի ճամփան բռնած, իմացյալ մահը ընտրած մեր եղբայրներն ու քույրերը:
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին, ցանկանում ուժ և տոկունություն. նրանց վիշտն անսահման է, կորուստը՝ անդառնալի:
Հանուն նրանց հիշատակի և սերունդների համար խաղաղ և ապահով ապագայի կերտման՝ մենք պետք է այսօր լինենք ուժեղ, դիմագրավենք մարտահրավերներին, արարենք, ստեղծենք և մեր միասնական ջանքերն ուղղենք երկրի հզորացմանն ու բարօրությանը, զարգացմանն ու անվտանգության ապահովմանը:
Խոնարհումս հայրենիքի խաղաղ արշալույսների համար պայքարած հայորդիների հիշատակին, հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին:


