Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում բացվել է տարեց բնակչության համար նախատեսված կենտրոն
14.01.2026
Տեղական սոցիալական ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համագործակցությամբ Ջերմուկում բացվել է տարեց բնակչության համար նախատեսված կենտրոն։
Կենտրոնի բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ղեկավար Մոնիկա Սանդրին , մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, տարեց անձինք և հյուրեր։
Կենտրոնի նպատակն է նպաստել համայնքի՝ ավագ սերնդի ներկայացուցիչների սոցիալական ակտիվացմանը, զբաղվածության ապահովմանը, շփումներին։ Մոտ 30-50 տարեցներ կարող են օգտվել կենտրոնի ընձեռած հնարավորություններից` շախմատ, շաշկի, նարդի խաղալ , ֆիլմեր դիտել, համակարգչային հնարավորություններից օգտվել և այլն։ Ժամանակի ընթացքում կենտրոնի զարգացման հեռանկարներում կդիտարկվեն նոր հնարավորություններ ևս։
Միջոցառման ընթացքում ներկաները բարձր են գնահատել բոլոր կողմերի ներդրած ջանքերը և կարևորել ավագ սերնդի ներկայացուցիչների հոգեբանական բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Հավելենք, որ կենտրոնը գործելու է Ջերմուկում, Ձախափնյակ 17/52 հասցեում։










