Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը
13.01.2026
Հունվարի 12-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Վ․ Արսենյանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը, որի հաստատումից հետո անդրադարձան զեկույցներին։
Նիստի օրակարգում ներառված էր 4 հարց, որոնք վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերին, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը, պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա անհետաձգելի ծրագրերին և 3 մանկապարտեզների վերանորոգմանը։
Առաջին հարցի շուրջ զեկուցեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը՝ ներկայացնելով ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականին իրականացված, ֆինանսավորված և 2026թ տեղափոխվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, արդյունքները, խնդիրները։
Օրակարգի երկրորդ հարցի՝ 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ զեկուցեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը՝ ներկայացնելով տվյալները ըստ համայնքների, հարկատեսակների, պլանավորումների և փաստացի արդյունքների։
Հաջորդ հարցը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արգամ Մարգարյանը՝ անդրադառնալով պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա անհետաձգելի /հրատապ/ համարվող ծրագրերին, մասնավորապես՝
- Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի մասնակի վերանորոգմանը /արժեքը կազմում է 47 միլիոն 881,58 հազար ՀՀ դրամ/
- Արտավան բնակավայր տանող կամրջի վերակառուցմանը / նախագծանախահաշվային արժեքը կազմում է 147 միլիոն 262 հազար ՀՀ դրամ/,
- Մոզրով բնակավայր տանող կամրջի վերանորոգմանը և ամրակայմանը / նախագծանախահաշվային արժեքը կազմում է 77 միլիոն 169 հազար ՀՀ դրամ/ ։
Օրակարգի 4-րդ կետը ևս ներկայացրեց Արգամ Մարգարյանը՝ անդրադառնալով <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակներում
- Աղավնաձորի / նախահաշվային արժեքը կազմում է 189 միլիոն 653,9 հազար ՀՀ դրամ/ ,
- Վայքի թիվ 1 / նախահաշվային արժեքը կազմում է 160 միլիոն 022,7 հազար ՀՀ դրամ/
- Վայքի թիվ 3 / նախահաշվային արժեքը կազմում է 210 միլիոն 920,7 հազար ՀՀ դրամ/ մանկապարտեզների վերանորոգման հարցերին։
Զեկույցներից հետո ծավալվել են կառուցողական քննարկումներ, վեր են հանվել զեկուցվող և հարակից թեմաներին առնչվող մի շարք հարցեր,անդրադարձել դրանց լուծման մեխանիզմներին, կարևորվել համագործակցված աշխատանքի սկզբունքները։Հնչել են առաջարկներ, տրվել հանձնարարականներ։
Ամփոփելով Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը՝ Վահագն Արսենյանը մեկ անգամ ևս ընդգծել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերի և ծավալների ապահովման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման կարևորության և դրանց ուղղված աշխատանքների պատշաճ որակի ապահովման հարցերը ։










