Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
05.01.2026
Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ վայոցձորցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարվա և նոր տարվա մեկնարկի սահմանին հանրագումարի ենք բերում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, գնահատում արդյունքները, նախանշում անելիքները, սահմանում նոր նպատակներ և ակնկալիքներ:
Վայոց ձորի մարզում հետևողական աշխատանքներ են տարվել տարբեր ոլորտներում ծրագրերի համակարգման և իրականացման ուղղությամբ՝ դպրոցաշինություն, մանկապարտեզների կառուցում կամ վերանորոգում, սուբվենցիոն ծրագրերի իրականացում, ենթակառուցվածքների բարելավում, զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներ, համայնքային և մարզային նշանակության տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և այլն, արձանագրվել են առաջընթացի ցուցանիշներ: Այս ամենը, իհարկե, տարբեր օղակների համագործակցված աշխատանքի, պատասխանատու մոտեցման և սրտացավ վերաբերմունքի արդյունքում:
Եկող տարում ակնկալում եմ, որ ոչ միայն ապահովենք այս ամենի շարունակությունը, այլև նոր տեմպ և ծավալ հաղորդենք նախանշված աշխատանքներին և ծրագրերին, յուրաքանչյուրս մեծ պատասխանատվությամբ կատարի ստանձնած աշխատանքն ու պարտավորությունը, իր ներդրումն ունենա պետականաշինության գործում, պաշտպանի պետության , հասարակության, քաղաքացու շահերը, ծառայի հայրենիքին:
Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակական և հետևողական աշխատանքներով, խնդիրներին դիմագրավելու վճռականությամբ և դրանք կառուցողական մոտեցումներով լուծելու հաստատակամությամբ նպաստենք մեր երկրի, մարզի կայուն զարգացման ու առաջընթացի ապահովմանը:
Գալիք տարում թող բոլորիդ ընտանիքներում իշխեն սերն ու ջերմությունը, բարությունն ու համերաշխությունը, մեր երկրում՝ խաղաղությունն ու անվտանգությունը: Լինենք միասնական և համախմբված, լավատես և վճռական, բազմապատկենք մեր ջանքերը, որպեսզի շարունակենք կյանքի կոչել հայրենաշեն մեր ծրագրերն ու նախաձեռնությունները :
Թող 2026 թվականը նշանավորվի նոր հնարավորություններով, հաղթանակներով, նվաճումներով, ձեռքբերումներով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


