Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> հերթական նիստը
22.12.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> հերթական նիստը։Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի տարածքային կենտրոնների տնօրենները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահ Վասիլ Ասլանյանը բացման խոսքում ընդգծեց , որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը մշտական ուշադրության կենտրոնում են և պատկան մարմինների հոգածության ներքո, իսկ նրանց խնդիրների լուծումը՝ առաջնային։Նա կարևորեց այն բոլոր օղակների համատեղ ջանքերն ու բազմապրոֆիլ աշխատանքները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մեղմմանը, ինտեգրմանը և հավասար իրավունքների պաշտպանությանը։
Այնուհետև հանձնաժողովի քարտուղար Ցողիկ Բաբայանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.06.2023թ. N 943-Լ որոշմամբ 2025թ. նախատեսված աշխատանքների արդյունքները, հիմնական ուղղությունները, հետագա անելիքները։
Օրակարգի հաջորդ հարցի՝ հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման վերաբերյալ զեկուցեց Լիլիա Կարապետյանը։
Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի տարածքային կենտրոնների տնօրեններն անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանը, խնամքի ծառայությունների փոխակերպմանը և անկախ կյանքի ապահովմանն ուղղված աշխատանքներին։ ՀԿ ոլորտի և Մանկական զարգացման հիմնադրամի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին նշված բնագավառում կատարած աշխատանքների արդյունքները և հետագա ծրագրերը։
Զեկույցներից հետո ծավալվեցին քննարկումներ, հնչեցին առաջարկներ, նախանշվեցին հետագա անելիքները։
Ամփոփելով ՀՀ Վայոց ձորի <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> հերթական նիստը՝ Վասիլ Ասլանյանը, ի թիվս մի շարք հարցերի, կարևորեց ծրագրերի և իրավական նորմերի վերաբերյալ շահառուների շրջանում իրազեկման աշխատանքների ծավալների ընդլայնման և համապատասխան մեխանիզմների կիրառման հարցերը, ինչպես նաև համագործակցված աշխատանքի սկզբունքները։






