Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
02.12.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։
Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։
«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», - նշել է Գևորգ Պապոյանը։
Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։
Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։
Սկզբնաղբյուրը՝ https://mineconomy.am/news/3875










