Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրեր
25.11.2025
Նոյեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Վայքի համայնքապետարան՝ աշխատակիցների հետ քննարկելու մի շարք ընթացիկ հարցեր։ Հանդիպման ժամանակ մարզպետը նշել է,որ քաջատեղյակ է համայնքապետարանների աշխատանքին, խնդիրներին և կարևորում է մարզպետի աշխատակազմ-համայնքապետարան համագործակցության հարցերը։ Հանդիպման ժամանակ անդրադարձել են աշխատանքային, ինչպես նաև ընդհանուր առմամբ համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Այնուհետև Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելել են Սարավան բնակավայր, հանդիպել բնակիչների հետ, զրուցել նրանց մտահոգող հարցերի շուրջ։
Բնակիչների բարձրացրած հարցերն առնչվել են բնակավայրի գազիֆիկացմանը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրի խնդիրներին, հակակարկտային կայանի անհրաժեշտությանը և այլն։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառն Արտավան բնակավայրն էր։ Բնակիչների բարձրացրած հարցերն առնչվել են բնակավայրից Վայք տանող տրանսպորտի խնդրին, շարժական սպանդանոցի անհրաժեշտությանը, հանդամիջյան ճանապարհների բարեկարգմանը, անասնախմոցների բացակայությանը և այլն։
Քննարկվել են ներկայացված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք տարբերակներ, որոշ դեպքերում՝ նախանշվել ժամկետներ և անելիքներ։
Նշենք, որ վերջին տարիներին բնակավայրերում իրականացված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հիմնականում ներբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը, խմելու և ոռոգման ջրերի համակարգերի բարելավմանը։ Գյուղատնտեսական ոլորտի պետական աջակցության ծրագրերով և տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։ Արտավան բնակավայրում այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կառուցվում է ԲՄԿ-ի առանձին նոր շենք։
Հանդիպումների ժամանակ մարզպետ Վահագն Արսենյանը կարևորել է բնակիչների հետ ուղիղ և անմիջական շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը և պատկան մարմինների կողմից դրանց լուծմանն ուղղված հետևողական մոտեցում ցուցաբերելը։










