Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
07.10.2025

Հարգելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Գրադարանները մարդկության կողմից ստեղծված ամենահին մշակութային օջախներից են, որոնք ամբարել են բոլոր ժամանակների գիտելիքները, ձեռքբերումները, փորձը և իմաստությունը, պահպանել և փոխանցել սերնդեսերունդ։
Նրանք դարձել են ժամանակի հոլովույթում հոգևոր-մշակութային, գիտական-տեղեկատվական արժեքների փոխանցման շտեմարաններ, որտեղ ազգային և համամարդկային արժեքները մեկտեղվում են, որտեղ ժամանակն ու տարածության սահմանները պայմանականորեն վերանում են կամ նոր իմաստ են ստանում։
Այսօր տարբեր ոլորտներում նոր մարտահրավերներ են առկա, որոնց ընդառաջ պետք է դառնալ ավելի նորարար, ճկուն, ստեղծագործ, նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով կարողանալ արդյունավետ լուծումներ գտնել, նոր հետաքրքրություններ առաջացնել՝ հավատարիմ մնալով առանցքային արժեքներին և հիմնական դերակատարությանը։
Գրադարանները նպաստում են անհատի կրթվելուն, օգնում վայելել մշակույթի և գիտության ձեռքբերումները, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ գրադարանները մնում են և մնալու են մեծ ու փոքր ընթերցողների համար ամենահաճելի և ջերմ անկյունները, որտեղ նրանք հաղորդակից են լինում աշխարհի մեծերի հետ,ծանոթանում նրանց մտքի նվաճումներին, խորհում , մտորում, վերլուծում․․․
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և կորով , ստեղծագործական անսպառ եռանդ, որպեսզի շարունակեք լավագույնս իրագործել գրքի նկատմամբ սեր ու հարգանք սերմանողի ձեր կարևորագույն դերն ու առաքելությունը։