Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2025

   Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալնե՛ր, մեծագույն հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
   Հայ ժողովուրդը դարեր ի վեր առանձնակի ակնածանքով է վերաբերել կրթությանը, գնահատել և արժևորել ուսուցչի դերը հայապահպանման, սերունդների՝ ազգային և համամարդկային արժեքներով դաստիարակման, անհատի ձևավորման բարդ ու դժվարին աշխատանքում՝ այն միշտ համարելով առաքելություն և պատասխանատվություն ներկայի և ապագայի հանդեպ:
   Նոր ժամանակներում, նոր մարտահարավերներին ընդառաջ, առանցքային արժեքները նույն են մնացել. ուսուցիչն է ծնողի հետ համատեղ ձևավորում ապագա քաջ զինվորին, հայրենասերին, գիտնականին, բանիմաց մանկավարժին, հմուտ շինարարին, իր հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացուն, բարոյական բարձր նկարագիր ունեցող անհատին և այլն: Շարքը կարելի է անվերջ շարունակել… Եվ ուրեմն այսօր և միշտ, սիրելի՛ ուսուցիչներ, ձեզ ենք հղում երախտագիտության խոսքեր վստահված աշխատանքում ներդրած ջանքերի, սիրո, նվիրվածության համար։
   Շարունակե՛ք ձեր բացառիկ դերն ու ավանդն ունենալ ամուր պետության և առողջ հասարակության կերտման, երկու կարևոր օղակների՝ դպրոցի և ընտանիքի կամրջման գործում: Ձեր առաքելությանը հավատարիմ՝ շարունակեք կրթել և դաստիարակել մարդկային լավագույն որակներով, ազնիվ մղումներով, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված անհատներ, վարակել աշակերտներին գիտելիքը արժևորելու և կրթությունը գնահատելու ձեր սիրով:
   Դուք եք ձեր սաներին հաղթանակներ կերտելու, փոքր ու մեծ քայլերով հաջողությունների հասնելու, մարդկային սկզբունքներին հավատարիմ լինելու, նպատակասլաց , աշխատասեր, լայնախոհ լինելու և այլ կարևոր դասեր ևս ուսուցանում, տալիս թռիչքի թևեր, լուսավորում հորիզոններ:
   Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ առողջություն և լավատեսություն, անսպառ եռանդ և կորով, ստեղծագործական անսահման երևակայություն և մտքի թռիչք՝ ձեր աշխատանքներն արդյունավետ իրականացնելու, ինքնատիպ և նորարար մտահղացումները կյանքի կոչելու համար…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 17:34:05