Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Մալիշկա բնակավայրի բնակիչների հետ
16.09.2025
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հանդիպել են Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի բնակիչների հետ:
Մարզպետ Կոլյա Միքաելյանը նախ այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ զբաղվածության, առօրյա խնդիրների շուրջ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով:
Այնուհետև Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են՝ տեղում հասկանալու բնակիչներին հուզող խնդիրները, բնակչությանն իրազեկելու ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության, ծրագրերի մասին։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը շեշտել է, որ Մալիշկան տարբեր ուղղություններով ավելի զարգանալու մեծ ներուժ ունի, ուստի համատեղ ջանքերով պետք է բացահայտել այդ ներուժը և տարբեր ոլորտներում դրսևորելու հնարավորություն ընձեռել։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կրթական, առողջապահական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, պետական աջակցությամբ և սուբվենցիաներով իրականացված ծրագրերը։2025 թվականին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը:Նախահաշվային արժեքը կազմում է 284 միլիոն ՀՀ դրամ:
Վերջին տարիներին բնակավայրում իրականացված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հիմնականում փողոցների ասֆալտապատմանը, փողոցների լուսավորության ցանցի կառուցմանը, ոռոգման ջրագծի ներքին ցանցի վերանորոգմանը։ Սուվբենցիոն ծրագրով ընթանում են բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, նախատեսվում է նաև բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում։
Հանդիպման ընթացքում հնարավորություն է տրվել բնակիչներին իրենց մտահոգող հարցերն ուղղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, ոլորտային պատասխանատուներին։Հարցերն առնչվել են խաղողի մթերմանը, ոռոգման ջրի սակավությանը, հանդամիջյան ճանապարհների բարեկարգմանը, էլեկտրասյուների վիճակին, մշակույթի տան վերանորոգմանը և այլն։ Բարձրացված հարցերն արձանագրվել են հետագա դիտարկման և լուծման համար, որոշ հարցեր էլ ստացել են պատասխաններ։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ պետք է հետևողական լինել բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում, հստակ սահմանել առաջնահերթությունները, իրազեկել այդ մասին բնակիչների լայն շրջանակներին։