Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա առթիվ
04.09.2025

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։
Ձեր ընտրած մասնագիտության և աշխատանքի մեջ մեկտեղվում են մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մարդկային բարձր արժեքները և լավագույն մղումները։ Այն կոչում է և առաքելություն, երբ հավասարաչափ կարևորվում են նաև քաջությունը և խիզախությունը, կարեկցանքն ու անասելի պատասխանատվությունը, արագ կողմնորոշվելու և օպերատիվ գործելու կարողությունները։
Այսօր և միշտ մենք պարտավոր ենք ձեզ ասելու երախտագիտության խոսքեր, գնահատելու ձեր մարդասիրական աշխատանքը, քանի որ ձեր աշխատանքի շնորհիվ կայացած համակարգը շարունակում է հասարակության հարգանքն ու վստահությունը վայելել, իսկ քաղաքացին բարդ ու դժվարին պահերին զգացել է ձեր աջակցությունն ու հոգատարությունը, արժևորել ձեր անձնուրաց աշխատանքը։
Հարգելի՛ փրկարարներ, ձեր արհեստավարժությամբ շարունակեք ապահովել մեր հասարակության անվտանգությունը, փրկել ամենաթանկը՝ մարդկային կյանքը, անելանելի թվացող իրավիճակներից միայն ձեզ բնորոշ հմտությամբ և քաջությամբ գտնել ելքեր և լուծումներ, մասնագիտական պատվախնդրությամբ հաղթահարել փորձությունները և երջանկության ու բերկրանքի պահեր պարգևել մարդկանց։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, անվտանգ ծառայություն, հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։ Թող ձեր աշխատանքի լավագույն գնահատականը լինի մարդկանց գոհունակ վերաբերմունքը, հասարակության անվերապահ հավատը ձեր աշխատանքի նկատմամբ։