Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2025

   Սիրելի՛ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ,ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
   Այս տոնը միշտ էլ նշել ենք հպարտությամբ և խորին ակնածանքով, քանի որ հայ ժողովրդի սերն ու հարգանքը կրթության և գիտության հանդեպ բացառիկ են եղել բոլոր ժամանակների հոլովույթում ազգային դիմագծի և արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև աշխարհի հետ համընթաց քայլելու ճանապարհին։
   Նոր ուսումնական տարվա մեկնարկը կրկին առիթ է վերարժևորելու կրթության դերն ու նշանակությունը ներդաշնակ հասարակության կերտման և երկրի կայուն զարգացման տեսլականներում, գնահատելու մանկավարժների պատասխանատու և բացառիկ աշխատանքը։
   Սիրելի՛ մանկավարժներ, ձեր աշխատանք – առաքելությանը համատարիմ՝ շարունակե՛ք կրթել երեխաներին, նոր հորիզոններ բացել նրանց առջև, ճախրելու թևեր տալ, սերմանել բարոյական բարձր արժեքներ, դաստիարակել վեհ գաղափարներով։Ձեր ցանած առողջ սերմերը լինելու են մեր վաղվա լուսավոր ապագայի հաստատուն երաշխիքը, ուստի հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության՝ ձեզ վստահված ամենաբարդ և լրջագույն աշխատանքը կատարեք ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ։ Թող հետագայում ձեր սաների հաջողությունները լինեն ձեր աշխատանքի լավագույն վարձատրությունն ու ամենաբարձր գնահատականը։
   Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ , հավատացե՛ք, անկախ ժամանակների թելադրած բազում մարտահրավերներից, կյանքում գիտելիքն այն հաստատուն ձեռքբերումն է, անսասան հիմքը, որի վրա ամուր են խարսխվում մյուս հաջողությունները։
   Սովորե՛ք, զարգացրե՛ք և կատարելագործե՛ք ձեր գիտելիքներն ու հմտությունները, եղե՛ք ազնիվ և ողջամիտ, նպատակասլաց և սկզբունքային, արդարամիտ և կարգապահ։ Պայքարե՛ք, հաղթահարե՛ք, զինվե՛ք համբերությամբ և լավատեսությամբ՝ ունենալով երկու կարևոր կարգախոս՝ ապահովել անձնային աճ և լավագույնս ծառայել սեփական երկրին։
   Օրվա խորհրդին համահունչ՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել մանկավարժներին, կրթության բոլոր օղակների աշխատակիցներին և սովորողներին՝ ցանկանալով շարունակական նվաճումներով և ձեռքբերումներով լի ուսումնական տարի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 17:56:58