Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունը

22.08.2025

    Օգոստոսի 21-ին , 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
   Ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ֆինանսական վարչության պետ Գվիդոն Դավթյանը, մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը։
Մինչ խորհրդակցությունը հյուրերը և մասնակիցները շրջել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Նրանք նախագծերում ընդգրկված աշակերտների հետ զրուցել են աշխատանքների ընթացքի, վերջնարդյունքների, ընձեռած հնարավորությունների մասին։
   Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ««Տարվա լավագույնները» 2024-2025» մրցույթի շրջանակում «Ամսվա լավագույնները» ճանաչված վայոցձորցի մանկավարժների՝ ԿԳՄՍՆ նախարարության կողմից տրված շնորհակալագրերի հանձնման արարողությամբ։
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում էին ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, նոր դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչին , ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, նախակրթարաններում ուսուցման կազմակերպմանը, ֆինասավորման մոդելին, խելամիտ հարմարեցումներին, հաստիքացուցակներին, ուսուցիչների՝ կարիքի վրա հիմնված վերապատրաստումներին և այլն։
   Արաքսիա Սվաջյանը նշել է , որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» , որի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան ուղեցույց, և յուրաքանչյուր ամիս դպրոցներում կկազմակերպվեն թեմատիկ միջոցառումներ՝ նպատակ ունենալով ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրներին, սպասվող փոփոխություններին, օրենսդրական կարգավորումներին և այլն։
   Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է հաստատությունների ղեկավարների հարցերն՝ պարզաբանելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող կարգավորումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-26 18:13:19