Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Արենի բնակավայրի բնակիչների հետ
15.08.2025
Օգոստոսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի բնակավայրի մշակույթի տանը հանդիպեցին բնակիչների հետ։
Հանդիպմանն ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, համայնքապետարանի ներկայացուցիչները։
Մարզպետը նշեց, որ աշխատանքներում առանցքային դեր են վերապահում բնակիչների հետ անմիջական շփումներին, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալուն, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին բնակիչների իրազեկվածության ապահովմանը։
Համայնքի ղեկավարը նույնպես կարևորեց նման ձևաչափով բնակիչների հետ հանդիպումները, երբ հնարավոր է լինում համայնքային խնդիրները համատեղ քննարկել և լուծման ուղիներ ներկայացնել։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին վերջին տարիներին բնակավայրում պետական աջակցությամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված ծրագրերը, դրանց արդյունքները։
Ի թիվս մի շարք ծրագրերի՝ 2025 թվականին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվել է Արենի գյուղի փողոցների բարեկարգում, կառուցվում է Արենիի միջնակարգ դպրոցը՝ նախահաշվային արժեքը՝ 2 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ։
Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել փողոցների ասֆալտապատմանը, արտաքին լուսավորության ցանցի կառուցմանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավմանը և այլն։ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրի բաղադրիչով Արենի բնակավայրում կառուցվելու է խմելու ջրի ֆիլտրող կառուցվածք։
Քննարկվեցին գյուղոլորտին, քաղաքաշինական, սոցիալական խնդիրներին, զբոսաշրջությանը, ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվեցին բնակավայրի համար այցեքարտ համարվող երկու գերակա ուղղությունների՝ գինեգործության և զբոսաշրջության է՛լ ավելի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։
Համայնքի ղեկավարը նշեց , որ Արենի համայնքում նախատեսվում է իրականացնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ներդրումային ծրագիր, որն էապես կնպաստի համայնքի տնտեսության ակտիվացմանը, զբոսաշրջային նոր գրավչությունների ապահովմանը։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ չնայած վերջին տարիներին երկրի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերներին՝ ՀՀ կառավարության կողմից մարզերում, համայնքներում մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը։ Նա նշեց , որ Արենին տարբեր ոլորտներում արագ տեմպերով զարգացող, մեծ ներուժ ունեցող բնակավայր է, ուստի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է իրավասությունների շրջանակներում աջակցել, նպաստել այդ ներուժի լիարժեք դրսևորմանը միտված ծրագրերին և նախաձեռնություններին։