Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ելփին բնակավայրի բնակիչների հետ
08.08.2025
Օգոստոսի 6-ին Արենի համայնքի Ելփին բնակավայրում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հանդիպել են բնակիչների հետ։
Մինչ բնակիչների հետ դպրոցի դահլիճում ընդլայնված հանդիպումը՝ մարզպետը այցելել է մի շարք բնակիչների բակեր, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։
Հիմնական հանդիպման ժամանակ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է , որ աշխատանքներում մեծապես կարևորում է բնակիչների հետ ուղիղ շփումները, տեղում խնդիրներին ծանոթանալը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին բնակիչների իրազեկվածության ապահովումը։
Բնակավայրում վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքները ներկայացրել է մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը․ դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ուղղությունները՝ խմելու ջրի ջրագծերի կառուցում/վերակառուցում, կապտաժների կառուցում, ոռոգման ջրագծերի և և ջրատարի արտաքին ցանցի կառուցում, հակակարկտային կայանի կառուցում, փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում և այլն։ Սուվբենցիոն ծրագրով Ելփին բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք։ Ծրագրի ընդհանուր արժեքը 334 մլն 340 հազ ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը՝ 66 մլն 868 հազ ՀՀ դրամ (20% ), պետության մասնաբաժինը՝ 267 մլն 472 հազ ՀՀ դրամ (80% )։
Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրել է բնակավայրում վերջին տարիներին կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը, հիմնական ուղղությունները, գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությամբ իրականացված ծրագրերը, դրանց արդյունքները։Ի թիվս մի շարք աշխատանքների՝ նշվեց, որ կկառուցվի Ելփինի ջրամբարը։ Այն կսպասարկի Ելփին և Չիվա բնակավայրերը․ արդյունքում 132 հա ոռոգվող վարելահողին կավելանա ևս 168 հա նոր ոռոգվող անջրդի վարելահող: Որպես գյուղատնտեսության ոլորտի գերակա ուղղություններ նշվեցին անասնապահությունը (մեղվաբուծություն) և բուսաբուծությունը, հիմնախնդիրներ՝ ոռոգման ջրի անբավարար մատակարարումը, գյուղմթերքի իրացումը, խաղողի մթերումը:
Քննարկվել են նաև ՏԻՄ, քաղաքաշինական, առողջապահության և սոցիալական հարցերի բնագավառներին վերաբերող հարցեր։
Բնակիչները տարբեր հարցեր են ուղղել պետական կառավարման և տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, որոնք առնչվել են հիմնականում խմելու և ոռոգման ջրերի անհրաժեշտ քանակով ապահովմանը, ինչպես նաև ներբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը։
Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշել է , որ օրեր առաջ կայացած սուբվենցիոն ծրագրերի մրցույթների արդյունքում Ելփին գյուղում իրականացվելու են խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, ջրաչափական հանգույցների տեղադրման և ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքներ։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծել է համայնքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացման մեխանիզմերի արդյունավետ ապահովման, բնակիչների խնդիրների լուծմանը միտված աշխատանքների, համատեղ կառուցողական քննարկումների կարևորությունը։










