Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Չիվա բնակավայրի բնակիչների հետ

01.08.2025

 

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հանդիպում ունեցան Չիվա բնակավայրի բնակիչների հետ:

Մարզպետ Կոլյա Միքաելյանը նախ այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով:

Այնուհետև բնակավայրի մշակույթի տան դահլիճում բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են՝ տեղում հասկանալու բնակիչներին հուզող խնդիրները, բնակչությանն իրազեկելու ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության, ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կրթական, առողջապահական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, պետական աջակցության և սուբվենցիոն ծրագրերը։

Նշվեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ Արենի համայնքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի շրջանակում կիրականացվեն համայնքի 9 բնակավայրերի ճանապարհների նորոգման աշխատանքներ։ Պետության միջոցներով է ընթանում նաև Չիվայի միջնակարգ դպրոցի շինարարությունը:

Հանդիպման ընթացքում հնարավորություն տրվեց բնակիչներին իրենց մտահոգող հարցերն ուղղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, ոլորտային պատասխանատուներին։

Հարցերը վերաբերում էին ճանապարհների բարեկարգմանը, ջրագծերի վրա փականների տեղադրմանը՝ ջուրն ավելի արդյունավետ օգտագործելու համար, խմելու ջրի որակի լավացմանը, Մ2 մայրուղուց դեպի Չիվա բնակավայր մուտքի վայրում վազանցն արգելող նշանի տեղադրմանը: Հարցերին տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ։

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ գյուղն ունի մի մեծ ներուժ է՛լ ավելի զարգանալու տարբեր ուղղություններով, իսկ  բարձրացված հարցերն արձանագրվել են հետագա դիտարկման և լուծման համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 16:48:59