Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի անդամները հանդիպել են Վերնաշեն բնակավայրի բնակիչների հետ
25.07.2025
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը Վերնաշեն բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանը, կարևորելով բնակիչների հետ անհատական և ուղիղ շփումները, այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ զբաղվածության ուղղությունների, գյուղական առօրյայի, մտահոգող խնդիրների վերաբերյալ։
Այնուհետև բնակավայրի մշակույթի տան դահլիճում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետը կարևորել է բնակիչների խնդիրներին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու այս ձևաչափը, անդրադարձել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ծրագրերին, արդյունքներին՝ շեշտադրելով նաև իրազեկման աշխատանքների արդյունավետության խնդիրները։
Այնուհետև ներկայացվել են կրթական, առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, բարեփոխումները, պետական աջակցության և սուբվենցիոն ծրագրերը։
Նշվեց, որ վերջին տարիներին վերանորոգվել է բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցը, սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել խմելու ջրի որակի և մատակարարման բարելավմանը, մանկական հրապարակի կառուցմանը, գազիֆիկացմանը և այլն։ 2025 թվականին նախատեսվում է բնակավայրում ոռոգման ցանցի վերակառուցում։Ներկայացվել է նաև բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների ընդհանուր պատկերը։ Հատկանշական է , որ գյուղում գործում է 2 <<խելացի անասնագոմ>> պետական աջակցության ծրագրով։
Բնակիչները հնարավորություն ստացան իրենց մտահոգող տարաբնույթ հարցերն ուղղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, ոլորտային պատասխանատուներին։
Հարցերը վերաբերել են խմելու ջրի կապտաժների վերանորոգմանը, ոռոգման առուների, ներբնակավայրային և հանդամիջյան ճանապարհների բարեկարգմանը, որոշ տարածքներում ոռոգման ջրի սակավությանը, կադաստրային քարտեզներում առկա խնդիրներին, ճանապարհների փոսալցումներին, մշակույթի տան վերանորոգմանը, էլեկտրաէներգիայի տատանումներին և այլն։ Հարցերին տրվել են պատասխաններ և պարզաբանումներ։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ բարձրացված հարցերն արձանագրվել են և մարզպետի աշխատակազմի իրավասությունների շրջանակներում և համայնքային իշխանությունների հետ համատեղ հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ։