Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակությանը
22.07.2025
Այսօր Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին, ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային, կազմակերպության այլ ներկայացուցիչների։
Մարզպետը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հյուրերին մարզ կատարած հերթական այցելության համար՝ միաժամանակ նշելով , որ բարձր է գնահատում Կարմիր Խաչի՝ մարդկային կյանքը, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանող ամենահեղինակավոր կառույցներից մեկի մարդասիրական առաքելությունը տարածաշրջանում և մարզում կատարած ծրագրերի արդյունքները,որոնք ուղղված են խոցելի խմբերի աջակցություններին, բժշկական հաստատությունների և ԲՄԿ-ների պայմանների բարելավմանը, հոգեբանական աջակցությունների տրամադրմանը և այլն։
Հյուրերը ևս շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար՝ նշելով , որ այցի նպատակն է ամփոփել կատարված աշխատանքների արդյունքները և ներկայացնել՝ հետագայում ինչ անելիքներ են պլանավորվում։ Նշվեց, որ 2026 թվականից որոշակի առումով սահմանափակվելու է կազմակերպության ներկայությունը տարածաշրջանում, սակայն պահպանվելու են սահմանամերձ բնակավայրերում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները և արտակարգ իրավիճակներում արագ վերակազմակերպվելու և արձագանքելու գործելաոճը։
Մարզպետը նշեց, որ անկախ սպասվող փոփոխություններից՝ մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է աջակցել կազմակերպության ծրագրերին և նախաձեռնություններին, որպեսզի առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով հնարավոր լինի բարելավել բնակիչների կյանքը, առավել արդյունավետ լուծումներ գտնել մարդասիրական խնդիրների համար և ստեղծել ավելի ապահով և կայուն միջավայր բոլորի համար։
Հանդիպման ավարտին հյուրերը նշեցին, որ բարձր են գնահատում տեղական և տարածաշրջանային մակարդակում կառուցողական համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և դրական արդյունքների ապահովմանը։