Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ռինդ բնակավայրի բնակիչների հետ
21.07.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի հաջորդ կանգառն Արենի համայնքի Ռինդ բնակավայրն էր։ Ռինդի մշակույթի տանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հանդիպեցին բնակիչների հետ։
Մարզպետ Կոլյա Միքաելյանն իր խոսքում կարևորեց համայնքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը, դրա իրականացման ուղղություները, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև բնակիչների հետ ուղիղ շփումներն ու իրենց մտահոգող հարցերը տեղում քննարկելը։
Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ևս դրական գնահատեց այս ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով դրանց նշանակությունը պետական կառավարման և տեղական ինքնակառամարման մարմինների համագործակցության ամրապնդման և պետական աջակցությամբ խնդիրներին արագ արձագանքելու գործընթացում։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրին գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սուբվենցիոն ծրագրերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում կատարած աշխատանքները, անդրադարձան մի շարք գործընթացների արդյունավետ կազմակերպման խնդիրներին։
Նշվեց, որ սուբվենցիոն և այլ ծրագրերով վերջին տարիներին բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծ ծավալի աշխատանք է արվել՝ փողոցների ասֆալտապատում, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցում, հակակարկտային կայանի տեղադրում, արտաքին լուսավորման համակարգերի կառուցում, մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և այլն։ Գյուղատնտեսության և արտադրության ոլորտներում ևս կան արձանագրված լավ ցուցանիշներ․բնակավայրում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 7 հա, սեփական միջոցներով՝ 22 հա խաղողի այգի, առկա է 3400քմ սեփական միջոցներով ջերմոցային տնտեսություն, Ռինդի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ, գործում է գինու գործարան և այլն։
Հանդիպման ընթացքում բնակիչները հարցեր ուղղեցին պատկան մարմիններին, ստացան պարզաբանումներ։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ գյուղն ունի մի շարք ձեռքբերումներ, միաժամանակ տարբեր ուղղություններով է՛լ ավելի զարգանալու մեծ ներուժ, ուստի պետք է զարգացնել գիտելիքները և հմտությունները, օգտվել տարբեր ծրագրերից՝ սեփական բարեկեցությանը և բնակավայրի, համայնքի զարգացմանը։